Աշնան երկրորդ կեսին ԱՄՆ-ում տեղի կունենա «Հիշում եմ քո ձայնը» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան: Այն պատմում է 2023թ-ի սեպտեմբերի 19-ին Արցախում տեղի ունեցած պատերազմի և դրան հաջորդած արցախցիների բռնի տեղահանման մասին:
«Ֆիլմում կտեսնեք, թե ինչպես է սեպտեմբերի 19-ին Սառնաղբյուրում վիրավորված կինն աչքերը բացել և տեսել, որ շրջապատված է ադրբեջանցիներով ու հարևանների հետ հայտնվել գերության մեջ: Մեկ այլ կին էլ պատմում է, որ Սառնաղբյուրից Ասկերան է գնացել օգնություն ստանալու, երեխաներին շոկոլադ բերելու նպատակով, բայց հետո պատերազմը սկսվել է, և ոչ միայն չի հասցրել օգնությունն ու շոկոլադը երեխաներին հասցնել, այլ նրանց ողջ տեսնել: Երեխաներից երկուսին գտել են սպանված՝ մեկի կոկորդը, մյուսի ձեռքը կտրած, իսկ 3-րդ երեխայի գլխում մինչև հիմա բեկորներ են»,- MediaHub-ի հետ զրույցում պատմում է ֆիլմի ռեժիսոր Նիկոլայ Մելիքյանը:
«Հիշում եմ քո ձայնը» փաստավավերագրական ֆիլմում ներկայացվում է 6 պատմություն՝ իրարից տարբեր, բայց նույն ճակատագրով: Բոլոր հերոսներին միավորում են ցավը, հայրենիքի ու հարազատների կորուստը: Այդ պատմություններն իրար են կապվում Արցախից տեղահանված Մարտին Ալոյանի կերպարի միջոցով:
«Գաղափարը ծնվեց այս տարվա ապրիլին, բայց քանի որ թեման շատ զգայուն է, շատ կարևոր էր լսել մտավորականի կարծիք: Գնացինք ՀՀ ժողովրդական արտիստ, շատ սիրելի Հրանտ Թոխատյանի մոտ, զրուցեցինք, ասացինք, որ ուզում ենք նկարահանել էթնիկ զտման ենթարկված արցախցիների պատմությունները, ունենանք այնպիսի ֆիլմ, որը հնարավոր կլինի ներկայացնել միջազգային կինոփառատոնների: Վարպետը միանգամից արձագանքեց՝ շատ կարևոր է նման ֆիլմ ունենալը, ավելին՝ մի փոքր ուշացել ենք այս գործում, ուստի պետք է նկարահանումներն անհապաղ սկսել, և պատրաստակամություն հայտնեց օգնել, ինչով կարող է»,- պատմում է ֆիլմի պրոդյուսեր Արայիկ Սարգսյանն ու ավելացնում՝ կարևոր էր պրոֆեսիոնալ թիմ կազմավորել: Եվ դա էլ հաջողվեց. «Օպերատորները Տիգրան Էլոյանն ու Վահե Հովհաննիսյանն են, մոնտաժն իրականացնում է Առնակ Չիտչյանը: Նաև լավ խորհրդատուներ ու խմբագիրներ ունենք»:
Մոնտաժային աշխատանքներն արդեն ավարտվում են, շուտով պատրաստ կլինի նաև հատուկ «Հիշում եմ քո ձայնը» ֆիլմի համար գրվող երաժշտությունը, որի հեղինակն ամերիկաբնակ հայ երաժիշտ Արման Էլբերտն է: Ֆիլմը ներկայացվելու է միջազգային կինոփառատոնների և ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ցուցադրվելու է աշխարհի բազմաթիվ երկրներում՝ Լիբանանից մինչև Բրազիլիա: