Արսեն Թորոսյանի հնարած մեթոդը՝ առջևի մգեցված ապակիներով մեքենա վարելու արգելք սահմանելը, պարզվում է, որևէ կերպ չի նպաստել վթարների նվազեցմանը կամ կանխարգելմանը։
Հիշեցնենք, երկու տարի առաջ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը նախաձեռնեց օրենքի փոփոխություն՝ արգելելու մեքենա վարել առջևի մգեցված ապակիներով։ Թորոսյանի ունեցած խելքով և տրամաբանությամբ՝ Հայաստանում վթարները տեղի են ունենում, ի թիվս այլ պատճառների, նաև մգեցված ապակիներով վարելու պատճառով, որովհետև մուգ ապակիների հետևից, իբրև թե, դժվար է դառնում վարորդների կամ վարորդների ու հետիոտների միջև կապը՝ իրար լավ չեն տեսնում, հետևաբար չեն կռահում նաև, թե դիմացի մեքենայի վարորդն ինչ է ուզում անել։ Բացի այդ, գիշերը մգեցված ապակիներով վարելը էապես դժվարացնում է տեսանելիությունը և բարդացնում մեքենա վարելը։
Այն, որ մուգ ապակիներով մեքենա վարելն իսկապես բարդ է, նվազեցնում է տեսանելիությունն ու նաև պարունակում է անվտանգային ռիսկ, դա չի քննարկվում։ Բայց թափանցիկ ապակիներն էլ լրացուցիչ անհարմարություններ են ստեղծում վարորդների և ուղևորների համար հատկապես ամռան տապին, բացի այդ՝ անծանոթների առջև լիարժեք բացում են մարդու անձնական տարածքը։ Բայց կարելի էր, իհարկե, անձնական կոմֆորտը զոհաբերել երթևեկության անվտանգությանը, եթե այդ օրենքն իսկապես ծառայեր նպատակին։
MediaHub-ն այս առնչությամբ հարցում էր ուղարկել ՆԳՆ Պարեկային ծառայությանը՝ հասկանալու, թե 2023 թվականի հունիսի 1-ից սկսած, երբ պարեկային ծառայողները սկսել են ստուգել ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ տրանսպորտային միջոցները և վարչական պատասխանատվության ենթարկել դրանց վարորդներին, ավտոտրանսպորտային պատահարների նվազում գրանցվե՞լ է, թե՞ ոչ։ Խնդրել էինք ներկայացնել վիճակագրություն, ինչպես նաև հայտնել՝ արդյոք ունե՞ն ուսումնասիրություն, թե այդ օրենքի կիրառումը որքանով է նվազեցրել վթարների քանակը։
ՆԳՆ-ից նախ ներկայացրել են այս երկու տարվա վթարների վիճակագրությունը։ Ըստ այդմ՝
- 2023 թվականին արձանագրվել է 4613 ճանապարհատրանսպորտային պատահար, որի արդյունքում զոհվել է 378, մարմնական վնասվածքներ ստացել՝ 6537 անձ։
- 2024 թվականին՝ 4314 ճանապարհատրանսպորտային պատահար, որի արդյունքում զոհվել է 333, մարմնական վնասվածքներ է ստացել 6116-ը։
- 2025 թվականի ընթացքում մինչև օգոստոսի 1-ը՝ 2616 ճանապարհատրանսպորտային պատահար, որից զոհվել է 144, մարմնական վնասվածքներ է ստացել 3810-ը։
Այսինքն՝ այս երկու տարվա վիճակագրությունը մոտավորապես նույն թվերն են՝ չնչին տարբերությամբ։ Իհարկե, 2023-ի համեմատ 2024-ին վթարների ու զոհերի քանակը մի փոքր նվազել է, բայց դա որևէ կերպ չի պայմանավորվում մգեցված ապակիներով մեքենա վարելու արգելքով։ Հատկապես, որ ՆԳՆ-ից այս մասով մեզ պատասխանել են, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունում առջևի մգեցված կողային ապակիների և ճանապարհատրանսպորտային պատահարների միջև պատճառական կապի վերաբերյալ առանձին հաշվառում չի իրականացվում։
Սա մի կողմից ՆԳՆ-ի թերացումն ու խնդիրն է, որ ինչ-որ պատգամավորի նախաձեռնությամբ օրենսդրական փոփոխություն է արվում՝ դա հիմնավորելով հանրային անվտանգության բարձրացմամբ, և դրա պատասխանատու կառույցը որևէ հետազոտություն, որևէ ուսումնասիրություն չի կատարում՝ հասկանալու, թե որքա՞ն արդյունավետ է տվյալ օրենքի կիրառումը, ի՞նչ արդյունք է այն տվել կամ տալիս կամ, առհասարակ, օգտակա՞ր է այդպիսի օրենքի առկայությունը, թե՞ ոչ։ Այսինքն՝ սա պետական կառույցի կողմից խորհրդարանի ընդունած և իր կողմից կիրառվող օրենքների նկատմամբ անփույթ և անտարբեր վերաբերմունքի մասին է վկայում։
Մյուս կողմից՝ Արսեն Թորոսյանի մոգոնած կամ հայտնագործած այդ օրենքը, պարզվում է, որևէ էական նշանակություն չի ունեցել վթարների կանխարգելման կամ նվազեցման վրա, հակառակ պարագայում՝ հիմա թե՛ Թորոսյանը, թե՛ ՆԳՆ-ն կթմբկահարեին, որ՝ «տեսե՛ք, մեր ընդունած օրենքի շնորհիվ էապես նվազեցին վթարներն ու մահերը»։
Հետևաբար, կարող ենք եզրակացնել, որ Արսեն Թորոսյանի պրոպագանդած օրենքը բացի վարորդներին անհարմարություն պատճառելուց՝ որևէ օգուտ, մեծ հաշվով, չի տվել։
Վահե Մակարյան