ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր հայտարարեց, որ Շարմ էլ Շեյխում ադրբեջանական կողմի հետ քննարկվել է Բաքվում պահվող գերիների ազատ արձակման հարցը:
Միրզոյանը հայտնեց, որ ընդունում է՝ Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման խնդիրն այդքան էլ արդյունավետ չի կարգավորվում, սակայն վստահեցրեց, որ կառավարությունն աշխատում է ամենօրյա ռեժիմով։ Նախարարը նաև հույս հայտնեց, որ առաջիկայում գերիների վերադարձի առումով «լավ նորություն կունենանք»։
Հիշեցնենք, սեպտեմբերին ՀՀ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը մեկնել էր Բաքու, և ըստ շրջանառվող լուրերի՝ այնտեղ քննարկվել էր նաև գերիների հարցը: Այդ այցը բավականին հուսադրել էր Բաքվում ապօրինի պահվող գերիների հարազատներին, որոնք հույսով սպասում են:
Ի՞նչ է հուշում Արարատ Միրզոյանի զգուշավոր լավատեսությունը, արդյո՞ք կարելի է սպասել գերիների վերադարձ հայրենիք: Այս հարցերի շուրջ զրուցել ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ ռազմագերիների ներկայացուցիչ և փաստաբան Սիրանուշ Սահակյանի հետ:
«Նախարարը հույս հայտնեց, բնականաբար, մենք էլ նման հույսեր ունենք և ակնկալում ենք, քանի որ չի կարող լինել խաղաղություն, քանի դեռ կողմերից մեկի քաղաքացին ապօրինի պահվում է անազատության մեջ, ինչն էլ լրացուցիչ ծնողի տառապանքի, ատելության կարող է հանգեցնել: Նրանց ազատ արձակումը մենք դիտարկում ենք որպես վստահության վերականգնման ու խաղաղության ձեռքբերման միակ միջոցը, ուստի տրամաբանական է, որ նախքան խաղաղության համաձայնագրի ստորագրումը և վավերացումը մարդասիրական խնդիրը պետք է իր լուծումը ստանա միջազգային գործընկերների ներգրավվածությամբ»,- նշեց Սահակյանը։
Նա նշեց, որ ակնկալում է, որ գերիների, պատանդների ետ վերադարձը կրկին կլինի փուլային տարբերակով։ Սիրանուշ Սահակյանը կարծում է, որ առաջնային կհայրենադարձվեն 2023 թվականի սետեմբերյան ագրեսիայի ընթացքում ինքնապաշտպանությանը մասնակցած զինվորականները, որից հետո 2020 թվականից Բաքվում պահվող գերիները, և հույս հայտնեց, որ վերջում այս միջոցառումը կառնչվի նաև Արցախի նախկին ղեկավարներին։
Հարցին, թե Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձն արդյո՞ք կբխի ՀՀ իշխանությունների շահերից, մասնավորապես ընտրություններից առաջ, Սիրանուշ Սահակյանը նշեց. «Ես կարծում եմ, որ այս հարցը ավելի շատ կապված է խաղաղության օրակարգի և արտաքին հարաբերությունների օրակարգային հարցերի հետ, քանի որ այնտեղ գտնվող հայերը պատանդներ են և նրանք գործիքներ են Հայաստանի իշխանությունների վրա ավելի մեծ ճնշում գործադրելու նպատակով: Դրանք լծակներ են, որոնք օգտագործվում են միջպետական նշանակության հարցեր լուծելու համար և ավելի կապված են արտաքին օրակարգերի հետ։ Եվ կարծում եմ՝ գերիների խնդիրը ներքին քաղաքականության տեսանկյունից չպետք է քաղաքականացվի, նրանց ազատ արձակումը պետք է տեղի ունենա հրատապ, ցանկացած պահի»։
Ապա հավելեց, որ գերիների վերադարձը բխում է Հայաստանի Հանրապետության և ՀՀ քաղաքացիների շահերից։
Էմմա Մարտիրոսյան