MediaHub-ին ահազանգում են, որ վերջին շրջանում դպրոցներում ավելացել է վիրուսների թիվը, որի արդյունքում երեխաները չեն կարողանում հաճախել դպրոց։
«Երեխաս արդեն 1 շաբաթ է ջերմությամբ պառկած է, բժշկի ենք դիմել, դեղեր է նշանակել, հիմա բուժում է ստանում։ Ես նման վիճակով հաստատ դպրոց չեմ ուղարկի իմ երեխային։ Նրանց դասարանի մեծ մասը հիվանդ է, բոլորը բացակայում են»,– մեզ հետ զրույցում նշեց ծնողներից մեկը։
Մեկ այլ ծնող էլ կարծում է, որ նման իրավիճակում ճիշտ է որոշ ժամանակով արձակուրդ տալ երեխաներին՝ հիվանդների դեպքում ապաքինվելու, առողջների դեպքում՝ չվարակվելու համար։
MediaHub-ը դիմեց Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանին՝ հասկանալու համար, թե ինչ վարակ է տարածված, և արդյոք կա անհրաժեշտություն երեխաներին արձակուրդ ուղարկելու։
«Այս պահին համաճարակային վիճակն այնպիսին չէ, որ գնանք դպրոցների փակման։ Մենք ունենք սեզոնին բնորոշ ակտիվություն։ Հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնը ամեն օր անցկացնում է մոնիթորինգ»։
Ծատրյանի խոսքով՝ այս պահին նախորդ շաբաթվա համեմատ ունենք 1.2% աճ, ինչը նորմայի սահմաններում է։ Նրա խոսքով՝ մենք հիմնականում մինչև ապրիլ ամիս գտնվում ենք սուր շնչառական վարակների ակտիվ շրջանում։
Էմմա Մարտիրոսյան
