Այսօր տելեգրամյան ալիքներում Եպիսկոպոսաց դասին վերաբերող նոր հայտարարության լուսանկար տարածվեց, ըստ որի՝ փորձագիտությամբ հաստատվել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի իսկությունը, որը ներկայացվել է Գարեգին Բ-ին: Վերջինս էլ առոչինչ է համարել այդ արդյունքները:
Ըստ այդ նույն տելեգրամյան ալիքների՝ եպիսկոպոսները, այս հանգամանքից ելնելով, դիմել են մնացյալ եպիսկոպոսներին և հանրությանը՝ հայ եկեղեցին «Արշակ Խաչատրյանից և նրա մեղքը կիսողներից մաքրելու» գործընթացին միանալու համար:
Որքանո՞վ են իրականությանը համապատասխանում այդ լուրերը, սրբազան հայրերից ճշտել չի հաջողվում, այն եպիսկոպոսները, որոնց ստորագրությունները կան տարածվող նկարներում, համառորեն անտեսում են մեր զանգերը։
Միայն Արթիկի թեմի առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Ավագյանը պատասխանեց մեր զանգին։ Ի դեպ, նրա անունը կար ցուցակում, սակայն ստորագրություն չկար։ «Ես չեմ ստորագրել, ինչպես տեսնում եք»,- մեզ հետ զրույցում ասաց նա։
Հարցին, թե արդյո՞ք ինքը տեղյակ է՝ կա՞ նման բան, թե՞՝ ոչ, սրբազան հայրն արձագանքեց՝ ինքն էլ է հիմա դա փորձում հասկանալ։
Մեկ այլ հարցի, թե արդյո՞ք իր համար ընդունելի է նման ստորագրահավաքը, եթե իրականում այն կա, Նարեկ Սրբազանը հրաժարվեց պատասխանել՝ նշելով, որ այդ մասին այս պահին պատեհ չէ խոսելը։
