Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու որոշումը կայացրեց Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը։ Վերջինս է քննելու այս գործը:
MediaHub-ը ուսումնասիրեց, թե ո՞վ է գործը քննող դատավորը և ի՞նչ ունեցված ունի նա։ Պարզեցինք, որ երիտասարդ դատավոր Դավթյանը իր աշխատանքային կարիերան սկսել է 2018 թվականին՝ եղել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դատավորի օգնական:
2020-2022 թվականներին աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում՝ որպես դատախազ: Իսկ արդեն 2022թ. հուլիսի 30-ին ՀՀ նախագահի որոշմամբ նշանակվել է Հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր:
MediaHub-ը ուսումնասիրեց նաև Տիգրան Դավթյանի՝ 2024 թվականի անշարժ գույքի և եկամուտների մասին հայտարարագիրը, որից տեսնում ենք, որ դատավորը հաշվետու տարվա սկզբում և վերջում իր անունով անշարժ գույք չի հայտարարագրել, սակայն փաստացի 90 օրից ավելի շահագործել է բնակարան և ավտոկայանատեղի։
Դավթյանը տրանսպորտային միջոց է հայտարարագրել 2017 թվականի արտադրության LEXUS մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2023 թվականին։ Հաշվետու տարվա վերջում տրանսպորտային միջոցը պահպանվել է։
Դատավոր Տիգրան Դավթյանի ՝ հաշվետու տարվա սկզբին փոխառություններից մեկը կազմել է 6 մլն 752 հազար դրամ։ Վերջինս տարվա վերջում պահպանվել է։ Մյուսը նույնպես տարվա սկզբում և վերջում պահպանվել է՝ 38 մլն 71 հազար դրամի չափով։ Գործարքը կնքվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակազմի նախկին ղեկավարին փոխկապակցված խոշոր շինարարական «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ի միջև։
Նրա բանկային հաշիվների մնացորդը 168 հազար դրամից դարձել է 270 դրամ։
Նրա բանկային հաշվի 0.12 դոլարը հաշվետու տարվա վերջում պահպանվել է, 3 մլն 26 հազար դրամն աճել է՝ կազմելով 5 մլն 969 հազար դրամ։
Եվս մեկի աճն այնքան էլ շատ չէ՝ 761 հազար դրամը հաշվետու տարվա վերջում դարձել է 778 հազար դրամ։
Դավթյանի կանխիկ դրամը տարվա սկզբին եղել է 500 հազար դրամ, իսկ հաշվետու տարվա վերջին՝ 1 մլն դրամ։
Դատավորի եկամուտը տարվա ընթացքում կազմել է 17 մլն 626 հազար դրամ, որից 14 մլն 411 հազար դրամը աշխատավարձի գումարի չափն է։
Վարկի մայր գումարի չափը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 28 մլն 457 հազար դրամ։
Տիգրան Դավթյանի կողմից հանգստի համար ճանապարհածախսի գումարը կազմել է 2 մլն 500 հազար դրամ։
Էմմա Մարտիրոսյան