Այսօր՝ օգոստոսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:50-ի սահմաններում «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան Եղվարդ-Աբովյան ավտոճանապարհի Նոր Գեղիի ճանապարհի սկզբնամասում, Աբովյան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին, մեկ պտույտ կատարել և հայտնվել դաշտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդին, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Եղվարդի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխել են Երևան՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։ Բժիշկները, վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քննչական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը հիվանդանոցում ենթարկվել է սթափության փորձաքննության և եղել է սթափ։