ՆԳՆ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում ծառայողական քննություն են նշանակել այսօր առավոտյան Քասախի բնակիչների հերթական ակցիայի ժամանակ իր մասնագիտական պարտքը կատարող լրագրողին արմունկով ուժեղ հարվածած կարմիր բերետավոր ոստիկանի նկատմամբ։ Այս մասին MediaHub-ին հայտնեցին ՆԳՆ լրատվական ծառայությունից։
Հիշեցնենք, ակցիայի ժամանակ 24News-ի լրագրող Մերի Մանուկյանը փորձում է հասկանալ մի կարմիր բերետավոր ոստիկանից, թե ինչո՞ւ է քաշքշում և իրեն կոպիտ պահում ակցիայի մասնակից քաղաքացիների նկատմամբ, և ինքն է հայտնվում ոստիկանի թիրախում։ Կարմիր բերետավոր վայրենին նախ բղավում, ապա արմունկով հարվածում է լրագրողի կրծքավանդակին։
Մերի Մանուկյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ դեռ բժշկի չի դիմել, որ հասկանա՝ վնասվածք ունի՞, թե՞ ոչ.
«Չեմ կարող ասել՝ վնասվածք ունեմ, թե չէ, քանի որ բուժօգնության չեմ դիմել, բայց հարվածը ուժեղ էր, մի պահ շունչս կտրվեց, որովհետև կողքիս հարվածեց։ Այս պահին լավ եմ»,- ասաց ոստիկանի կողմից բռնության ենթարկված մեր գործընկերը։
Վահե Մակարյան