Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը 2 ամսով կալանավորվեց։
Երեկ առավոտյան ուժայինները ներխուժել էին Գյումրու համայնքապետարանու, գյումրեցիների մի քանի ժամ տևած պայքարից հետո քաղաքապետ Վարդան Ղուկասյանը բերման ենթարկվեց։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով, սակայն Ղուկասյանը չի ընդունում մեղադրանքը։
MediaHub-ի հետ զրույցում Գյումրու քաղաքապետի խորհրդական Լիլիթ Աղեկյանը նշեց, որ քաղաքապետարանում աշխատանքը կանոնավոր ընթացքի մեջ է։
«Վարդան Ղուկասյանի պարտականությունները կատարում է առաջին տեղակալ Ավետիս Առաքելյանը, բնականոն աշխատում է»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ այս պահին քաղաքապետի աշխատասենյակի դռան առջև ոստիկաններ են հսկում, պատրաստվում են ինչ-որ գործողությունների։ «Ես մոտեցա հարցրեցի, ասացին՝ գործողություն է լինելու, թե ի՞նչ գործողություն, ե՞րբ, ի՞նչ նպատակով չասացին։ Այլ մանրամասներ չհայտնեցին»,- հավելեց Աղեկյանը։
Հիշեցնենք, որ ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ քաղաքապետարանի 8 աշխատակիցներ, այդ թվում քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ձերբակալվել են կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով։
Էմմա Մարտիրոսյան
