Հարվարդի համալսարանի գաստրոէնտերոլոգ Սաուրաբհ Սեթին, ով 10 տարուց ավելի ուսումնասիրել է աղիների աշխատանքը, կարծում է, որ գերհասունացած բանանը վնասակար է աղիների համար և ինքը երբեք այն չի ուտում։ Նա նաև կազմել է մարսողական համակարգի համար օգտակար մրգերի վարկանիշային ցանկը։ Այս մասին գրում է The Daily Mail-ը։
Ըստ Սեթիի՝ ոչ բոլոր մրգերն են օգտակարության տեսանկյունից նույնը, իսկ դրանցից որոշները նույնիսկ վնաս են հասցնում աղիներին, օրինակ՝ գերհասունացած բանանը, որը միլիոնավոր մարդկանց սիրելի նախաճաշն է։
Մասնագետի խոսքով՝ դրանք այնքան հարուստ են շաքարով, որ նույնիսկ անվանվում են «դեղին կեղևով Mars-ի սալիկներ»։ Նա նշել է, որ այս մրգերը կարող են կտրուկ բարձրացնել արյան մեջ շաքարի մակարդակը, այդ իսկ պատճառով ավելի քիչ սնունդ են ապահովում աղիքային բակտերիաների համար։
Ինչպես գրում է պարբերականը, բանանի հասունացմանը զուգընթաց դրանցում նվազում է կայուն օսլայի և ընդհանուր սննդային մանրաթելերի պարունակությունը, իսկ շաքարի քանակն ավելանում է։
Կայուն օսլան ածխաջուր է, որը չի մարսվում բարակ աղիքում, այլ ֆերմենտացվում է հաստ աղիքում՝ գործելով որպես պրեբիոտիկ և սնելով օգտակար բակտերիաներին։ Հենց այդ պատճառով մի փոքր կանաչավուն բանաններն ավելի օգտակար են աղիների համար (գնահատական՝ 5/10), մինչդեռ գերհասունացածները հայտնվել են բժշկի «սև ցուցակում»։
Իսկ ահա կիվին, ըստ Սեթիի, հիանալի միրգ է աղիների առողջության համար. մեկ պտուղը պարունակում է մոտ 2 գրամ մանրաթել։ Այն աղիներում գել է առաջացնում, թեթևացնում է փորկապությունը և կարգավորում կղանքը։
