Լոռու մարզի Սվերդլով վարչական համայնքում վերջին մեկ ամսվա ընթացքում տիզային կոչվող հիվանդության հետևանքով կովեր են սատկել։ Այդ մասին MediaHub-ին ահազանգել է համայնքի բնակիչ Հասմիկ Այվազյանը, որի երեք կովերն էլ դարձել են հիվանդության զոհ, ինքն ու թոշակառու ամուսինը մնացել են ձեռնունայն։
«Համայնքապետը 40 հազար դրամ է առաջարկում՝ որպես փոխհատուցում, բայց ես միլիոնի վնաս եմ կրել։ Մի փոր ծնած կով էր մեկը, մյուս երկուսը՝ ցուլիկներ»,- նեղսրտած պատմեց նա։
Հասմիկ Այվազյանը նշեց, որ գյուղում միայն իրենք չէ, որ վնաս են կրել, մոտ տասը կով է սատկել, որից երեքն է միայն իրենցը։
Սվերդլովի վարչական ղեկավար Անդրանիկ Այվազյանը MediaHub-ի հետ զրույցում նշեց, որ հարյուր վարակված անասունից վեցն է սատկել, մյուսները բուժվել են։
«Անասունները գյուղացիների մեղքով են սատկել։ Պիտի շուտ տանեին բուժման, բայց ուշացրել են։ Հենց կենդանին ջերմություն ա ունենում, պիտի տանեն բժշկի, իսկ իրենք էլի արոտ են ուղարկել։ Բայց մենք էլի որոշ չափով աջակցություն առաջարկել ենք, հիմա դայա մեր հնարավորությունը»,- նշեց համայնքապետը։
Նարե Գնունի