Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ահազանգ. դիտորդներին արգելել են մրցույթին ֆիզիկապես ներկա գտնվել. Անահիտ Ավանեսյանն էլ չի՞ ուզում ռիսկի գնալ

Blog Image

Այսօր՝ օգոստոսի 26-ին առողջապահության նախարարությունում անցկացվում է «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի» տնօրենի ընտրությունը, սակայն, ինչպես ահազանգում են դիտորդները, այն ուղեկցվում է կոպտագույն խախտումներով։ Մասնավորապես, մեզ պատմեցին, որ  նախարարության ներկայացուցիչը մոտեցել է դիտորդներին և բանավոր կարգով տեղեկացրել, որ նրանք մրցույթին կարող են հետևել այլ սենյակից՝ «Zoom»-ի միջոցով։ Դիտորդները ստիպված են եղել դուրս գալ այն սենյակից, որում անցկացվում է մրցույթը, և այլ տեղից հետևել, թե ներկայացված թեկնածուները որքանով են համապատասխանում այն պաշտոնին, որում առաջադրվել են։ 

Ի դեպ, դիտորդները դժգոհություն են հայտնում, որ կապը շատ վատն է, պատկերը վատ է երևում, ձայնն էլ պարբերաբար կտրվում է, ուստի այս ձևով մրցույթին հետևելն ուղղակի անհնարին է։

«Նախկինում մենք նույն սենյակում էինք և կարողանում էինք տեսնել, թե իրար մեջ ինչ են խոսում, իսկ հիմա, երբ ֆիզիկապես նույն սենյակում չենք, կապն էլ պարբերաբար կտրվում է, կամ ձայնն է կորում, անհնար է տեսնել անգամ նրանց դեմքները, ուր մնաց լսել, թե ինչ են քննարկում կամաց: Նաև հնարավոր չէ տեսնել, թե դիմացը ի՞նչ թղթեր են դրված, գուցե պատասխանն էլ հենց գրված է»,- MediaHub-ն հայտնեց «Առողջություն և առողջապահություն» ՀԿ նախագահ Լիլիթ Կուջոյանը:

Նա նշեց, որ իրենց մտահոգությունը պայմանավորված է նրանով, որ հանգիստ կարող են թեկնածուին ինչ-որ բան թելադրել, որը տեսակապով ուղղակի չի լսվի։ «Օրինակ, բանավոր խոսքի ժամանակ ես ուղղակի համոզված եմ, որ մի հոգի հուշելու է ճիշտ պատասխանը, որը թեկնածուն կրկնելու է: Ես ուղղակի դրանում համոզված եմ, սա է միակ պատճառը»,- շեշտեց Կուջոյանը:

Ի դեպ, նա տեղեկացրեց, որ մրցույթներին որպես դիտորդ մասնակցելու ցանկությունը գալիս է նրանից, որ նախագիծ է պատրաստում ԲԿ-ների տնօրենների մրցույթների մասով, գիտական առաջարկ է պատրաստվում ներկայացնել և շատ դրական է տրամադրված եղել, ավելին՝ նախորդ մրցույթներին հաճելիորեն զարմացել է, որ իր մասնակցության հետ կապված որևէ խոչընդոտ չի եղել: Բայց, փաստորեն, նախարարությունից փորձել են դա կանխել՝ իրենց ցանկալի արդյունքը ապահովելու համար:

«Սա պարտադիր իրավաբանների հետ քննարկման առարկա պետք է դառնա՝ իրավունք ունե՞ն նման կերպ սահմանափակելու դիտորդի ներկայությունը մրցույթին»,- հավելեց Լիլիթ Կուջոյանը:

Նշենք, որ սահմանված կարգի համաձայն, դիտորդները պետք է լինեն նույն սենյակում, որում անցկացվում է մրցույթը, սակայն, մեր տեղեկություններով, վերջին մի քանի խայտառակ դեպքերից հետո նախարարությունը որոշել է «չեզոքացնել» դիտորդներին։ Բանն այն է, որ օգոստոսի 14-ին, 19-ին և 21-ին անցկացված մրցույթների ընթացքում խայտառակ պատկեր է արձանագրվել։ «Արտաշատի բժշկական կենտրոնի», «Էջմիածնի բժշկական կենտրոնի» և «Մասիսի բժշկական կենտրոնի» տնօրենի թեկնածուները մրցույթը չեն հաղթահարել, թեև նրանք երեքն էլ եղել են Անահիտ Ավանեսյանի սրտի թեկնածուները։ Եվ այս պահին, հերթական անգամ չխայտառակվելու ու համակարգում տիրող խայտառակ վիճակը թաքցնելու համար համար ԱՆ-ը որոշել է այս կերպ վարվել։

Նշենք, որ առողջապահության նախարարությունից MediaHub-ին հայտնեցին, որ դիտորդների որևէ իրավունք չի սահմանափակվել։  

«Նրանք մրցութային գործընթացին հետևում են առցանց ռեժիմով, իրականությունը չի փոխվում, և տեսնում են, և լսում են։ Եթե դիտարկումներ էլ ունենան դիտորդները, ապա կարող են ներկայացնել նախարարություն։ Այսինքն՝ դիտորդի որևէ իրավունք խախտված չէ»,- նշեց ԱՆ մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։ 

Հարց է ծագում, թե ինչո՞ւ է հենց այս պահին որոշվել, որ դիտորդները պետք է այլ սենյակից ու օնլայն կարգով հետևեն մրցույթին։ Թերևս այն պատճառով, որ մինչ այդ  մամուլում նյութեր չէին հրապարակվել համակարգում տիրող «բարդակի» մասին, երբ անգամ մեկ տարի տնօրենի ԺՊ եղած անձը չի կարողանում հաղթահարել մրցույթը, և ԲԿ-ն մնում է առանց տնօրենի։ 

Սա այն դեպքն է, թերևս, որ նախարարությունը գնում է ոչ թե խնդիրը լուծելու, այլ այն խնամքով թաքցնելու ճանապարհով, ու էական էլ չէ, թե այդ ամենը քանի անմեղ կյանք կարող է արժենալ։

Նարե Գնունի

Send