Առողջապահության ոլորտում տիրող «բարդակի» մասին շատ է գրվել, ընդ որում այս որակումը վերաբերում է ոչ միայն մատուցվող ծառայություններին, բուժանձնակազմի շարունակական մասնագիտական վերապատրաստմանն ու նրանց պրոֆեսիոնալիզմին, ավելի շուտ դրա բացակայությանը, ու դրան զուգահեռ վճարովի համակարգի սրընթաց աճին, այլև ԲԿ-ների կառավարմանը։
Այստեղ ևս ոչ պակաս խնդրահարույց զարգացումներ են, որոնց մասին հանրությունը քիչ է տեղեկացված, բայց դրա արդյունքը իր մաշկի վրա զգում է հենց ժողովուրդը։
Անդրադառնանք հանրապետության մի շարք բժշկական կենտրոնների տնօրենների ընտրությանը ու այն խայտառակ պատկերին, որ ունենք ներկայումս: MediaHub-ի տեղեկություններով՝ օրերս տեղի ունեցած մի շարք ԲԿ-ների տնօրենների մրցույթները խայտառակ ավարտ են ունեցել, առաջադրված թեկնածուներից ոչ ոք չի ընտրվել անբավարար գիտելիքների պատճառով։
Մասնավորապես, մեզ ասացին, որ մրցույթը չեն հաղթահարել «Արտաշատի բժշկական կենտրոնի», «Էջմիածնի բժշկական կենտրոնի» և «Մասիսի բժշկական կենտրոնի» տնօրենի թեկնածուները:
Նշված ԲԿ-ներում մրցույթներն անցկացվել են օգոստոսի 14-ին, 19-ին և 21-ին համապատասխանաբար, և երեքում էլ խայտառակ արդյունք է գրանցվել: Ընդ որում, ուշագրավն այն է, որ, օրինակ, Էջմիածնի ԲԿ-ի տնօրենի պաշտոնի համար պայքարել է ընդամենը մեկ թեկնածու, որն էլ կտրվել է՝ զարգացման ծրագիրը չի կարողացել ներկայացնել: Իսկ Մասիսի ԲԿ-ի երեք թեկնածուներից մեկը շուրջ 1 տարի գործող ԺՊ-ն է, ով առանց համապատասխան գիտելիքների «կառավարում» է ԲԿ-ն։
Ավելին՝ նշված բժշկական կենտրոնների տնօրենների մրցույթներին առաջադրված թեկնածուները Առողջապահության նախարարության, այսպես կոչված, «սրտի թեկնածուներն» են եղել, բայց քանի որ վերջին շրջանում այս մրցույթների անցկացմանը սևեռված է դիտորդների հետաքրքրությունը, ապաև մի քիչ դժվարացել է «սրտի թեկնածուներին» հենց այնպես պաշտոնին հասցնելու գործընթացը:
Ի դեպ, MediaHub-ը տեղեկացավ, որ առաջիկա օրերին սպասվում են այս շարքի ամենա-ամենամրցույթները՝ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ի՝ օգոստոսի 26-ին, «Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն»-ի ՝ օգոստոսի 28-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի՝ սեպտեմբերի 2-ին և Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի` սեպտեմբերի 5-ին:
Այս բոլոր ԲԿ-ները «ամենայուղոտն են» համարվում, ավելին՝ այստեղ բախվում են ներկա և նախկին նախարարներ Անահիտ Ավանեսյանի և Արսեն Թորոսյանի հետաքրքրություններն ու շահերը, ուստի ինտրիգները ավելի խորքային ու ավելի հեռուն գնացող են: Դիտորդները խոստանում են ներկա գտնվել նշված բոլոր ԲԿ-ների մրցույթներին, և կանխատեսում են բավականին հետաքրքիր զարգացումներ...
Դիտորդներից մեկի նախնական դիտարկումը այն է, որ տնօրենների ընտրության մասնակցության համար անհրաժեշտ է հատուկ չափորոշիչ` կրթական և մասնագիտական որոշակի ցուցանիշներով, ինչը կապահովի ոչ թե զրոյական նիշով, այլ գոնե պարտադիր մինիմալ չափանիշներին համապատասխան թեկնածուների մասնակցությունը։