Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում կորած 3-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները շարունակվել են նաև գիշերվա ընթացքում, սակայն երեխայի գտնվելու վայրի վերաբերյալ որևէ հետք դեռևս չի հայտնաբերվել։
«Որոնողական աշխատանքներին ներգրավված է 209 փրկարարական և 150 ոստիկանական ծառայող։ Տարբեր համայնքներից եկած հարյուրավոր բնակիչներ ևս միացել են աշխատանքներին»,- MediaHub-ին հայտնեցին ՆԳՆ-ից։
Նշենք, որ երեխայի անհետանալու հետ կապված տասնյակ վարկածներ են շրջանառվում. շատերն ասում են, որ երեխան եղել է գյուղի կամրջի մոտ, նրա հետ այդ ժամանակ եղած եղբայրն էլ երեկ փրկարարներին հենց այդ հատված է տարել։ Բայց քանի որ երեխան խոսքի խնդիր ունի, չի կարողանում պատմել, կամ բացատրել, թե ինչու է այդ հատված տանում փրկարարներին։
Բացի այդ, վարկած կա, որ երեխան բակում խաղալիս վնասվել ու ընկել է՝ չկարողանալով օգնություն կանչել։ Մեկ այլ վարկածով՝ հնարավոր է, որ երեխան գնացքի գծերի վրա է եղել այն ժամանակ, երբ գնացքն է եկել, ու հնարավոր է, որ հարվածած լինի երեխային։ Մեկ այլ վարկածով, որ առաջ է քաշում երեխայի հորաքրոջ որդին, երեխային կարող է գողացած լինեն։ Այս բոլոր վարկածների հետքերով ՆԳՆ-ն աշխատանքներ տանում է, սակայն դրանցից և ոչ մեկը պաշտոնական չէ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին ժամը 18.00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16.30-ի սահմաններում կորել է։
3-ամյա Տիգրան Օգանեսովի անհետ կորելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (սպանությունը)։
Նարե Գնունի
