MediaHub-ը գրել էր, որ ներդրվել է անցումային անհատական լիցենզիա կոչվող քննություն, որը մեծ աղմուկ առաջացրեց ոլորտում, քանի որ ուսանողները դժգոհ են, որ այն չի համապատասխանում իրենց անցած մասնագիտական թեմաների։
Նախարարի վերջին ասուլիսի ժամանակ MediaHub-ը Անահիտ Ավանեսյանին ներկայացրել էր ուսանողների բողոքը, ի պատասխան մեզ պատասխանել էր, թե. «Ուզո՞ւմ եք որակյալ բժշկական օգնություն, թող սովորեն լեզուներն էլ, գրականությունն էլ…»: Բայց, ինչպես ասում են մեր զրուցակիցները, նախարարը հաշվի չի առել այն, որ մնացել է ընդամենը երկու ամիս, և երկու ամսում բժշկական այլ մասնագիտացում ունենալով դա անելը ուղղակի անհնար է:
Մեզ դիմած ուսանողները նշում են, որ լիցենզիայի քննությունը չի համապատասխանում իրենց ընտրած մասնագիտությանը: Ի դեպ, Ամանորից հետո այս լիցենզիա կոչվող քննությունը կհանձնեն նաև բժիշկները: Ուսանողները ուրբաթ օրը հանդիպեցին նախարարի հետ, ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ փակ հանդիպմանը նախարարը նշել էր, որ հնարավոր է վերանայեն հարցաշարերը:
MediaHub-ին բուժաշխատողները նշել էին․ «Դեռ 2022 թվականին բոլոր բուժաշխատողներին հրահանգվեց, որ մինչև 2023 թվականի սկիզբ պետք է անցնեն հավաստագրման գործընթաց, և հիմա ցանկացած բժշկի սենյակում պատին կախված է, որ 2023-ին ստացել են հավաստագիր համապատասխան ՇՄԶ-ով (շարունակական մասնագիտական զարգացում – խմբ.). ավագ բուժաշխատողների համար առնվազն 220 ՇՄԶ կրեդիտ, միջին բուժաշխատողների համար առնվազն 140 ՇՄԶ կրեդիտ, ինչով բուժաշխատողն իրավունք ունի աշխատելու մինչ 2028 թվականը: Եթե բժիշկը չուներ գիտաժողովներից հավաքած ՇՄԶ, ապա նա վճարում էր համապատասխան գումար, մասնակցում էր տարբեր դասընթացների, շաբաթական վճարում էր բավականին գումար, որ կարողանար համապատասխան ՇՄԶ-ները ստանալ, որպեսզի իրավունք ունենար հաջորդ հինգ տարին աշխատել»։
Բուժաշխատողները չեն հասկանում նոր համակարգը, քանի որ եթե արդեն հավաստագիր ունեն, ինչի՞ համար այժմ ներդրեցին անհատական լիցենզիա ասվածը:
MediaHub-ը դիմեց Առողջապահության նախարարությանը հասկանալու՝ ինչի՞ համար ներդրվեց այս լիցենզիան բժիշկների համար, եթե դեռ 2022 թվականին բժիշկները գումար էին ծախսել, որ կարողանային համապատասխան ՇՄԶ-ները ստանալ:
«Բուժաշխատողների հավաստագրման պահանջը սահմանված է եղել 2015 թվականից՝ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) կատարված փոփոխությունների և լրացումների արդյունքում (2015 թվականի հոկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-113-Ն օրենք)։ Վերջինիս համաձայն՝ բուժաշխատողները պետք է մինչև 2021 թվականի հունվարի 1-ը հավաստագրված լինեին, որից հետո միայն իրավունք կունենային մասնագիտական գործունեություն իրականացնել։ Սույն գործընթացը հետաձգվեց 2 տարով՝ պայմանավորված Կովիդ 19 համավարակի և 44-օրյա պատերազմով, և հավաստագրման համար վերջնաժամկետ սահմանվեց 2023 թվականի հունվարի 1-ը։ Հետևաբար, հավաստագրման պահանջը օրենքի մակարդակով ամրագրված պահանջ է, այլ ոչ թե Առողջապահության նախարարության հրահանգ։ Ինչ վերաբերում է անհատական լիցենզավորման ինստիտուտին, ապա վերջինիս վերաբերյալ կարգավորումները նախատեսված են Օրենքի 6.1-ին գլխով։ Օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն ինքնուրույն իրականացնելու համար ավագ բուժաշխատողները, որպես ֆիզիկական անձինք, պետք է ստանան անհատական լիցենզիա՝ անկախ իրենց աշխատանքի վայրից»,- նշեցին նախարարությունից։
Ըստ նախարարության՝ կլինիկական օրդինատորները (կլինիկական ռեզիդենտները), ռազմաբժշկական մասնագիտություններով հետավարտական լրացուցիչ ուսումնառություն իրականացնող հաստատությունում ուսումնառող անձինք պետք է ստանան անցումային անհատական լիցենզիա։ Կլինիկական օրդինատորները (կլինիկական ռեզիդենտները) և ռազմաբժշկական մասնագիտություններով հետավարտական լրացուցիչ ուսումնառություն իրականացնող հաստատությունում ուսումնառող անձինք անցումային անհատական լիցենզիա պետք է ստանան մինչև 2026 թվականի հունվարի 1-ը։
«Ավագ բուժաշխատողները անհատական լիցենզիա պետք է ստանան մինչև 2027 թվականի հունվարի 1-ը։ Ներկայումս առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն իրականացնելու համար որպես թույլտվություն համարվում է առաջին անգամյա մասնագիտական գործունեության ՇՄԶ հավաստագիրը։ Սակայն անհատական լիցենզավորման օրենսդրական կարգավորումների ուժի մեջ մտնելուց հետո ավագ բուժաշխատողների համար առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքը հաստատող պաշտոնական թույլտվությունը համարվելու է անհատական լիցենզիան»,- ասացի Առողջապահության նախարարությունից։
Նաև հավելեցին․ «Ընդ որում, 2025 թվականի ապրիլի 11-ի «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-164-Ն օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Ավագ բուժաշխատողների ձեռք բերած ՇՄԶ հավաստագրերը գործում են մինչև 2027 թվականի հունվարի 1-ը՝ անկախ դրանցով նախատեսված ժամկետից։ Ուստի Ձեր կողմից բարձրացված հարցը ունի օրենսդրական կարգավորում, որի հիման վրա էլ գործընթացն իրականացվում է»։
Մարիաննա Արամյան
