Գորիսի պետական քոլեջի դասախոսական ու ուսանողական կազմը վերադարձել է իր բնականոն աշխատանքային ընթացքին, MediaHub-ի հետ զրույցում ասաց Գորիսի պետական քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանը։
«Այսօր խնդրեցի, որ դադարեցնեն գործադուլը, կեսօրից սկսած նորմալ դասապրոցեսը շարունակվում է, բայց կոլեկտիվը հստակ ասել է՝ եթե նորից գա որևէ մեկը, կրկին փակելու են ու չեն թողնելու մտնեն շենք»,- նշեց տնօրենը։
Ինչ վերաբերում է նախարարությանը հասցեագրված իրենց պահանջներին, ապա Լազարյանը նշեց՝ որևէ ակնկալիք չունեն ԿԳՄՍՆ-ից, իսկ դասադուլը դադարեցնելու քայլն արվել է հանուն ուսանողների, որպեսզի չտուժեն դասերը, սակայն իրենք իրենց պահանջի մեջ հաստատակամ են՝ հետնահանջ չի լինի։
Հիշեցնենք, MediaHub-ը ավելի վաղ գրել էր, որ Գորիսի պետական քոլեջում անժամկետ գործադուլ և դասադուլ է հայտարարվել, որի մասին քոլեջի կոլեկտիվը հոկտեմբերի 4–ին իրազեկել է ՀՀ վարչապետին և ԿԳՄՍ նախարարին։ Պահանջը հետևյալն է՝ չեղարկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի կամ նրա տեղակալի հրամանը՝ Գորիսում ստեղծվող բազմագործառութային քոլեջի տնօրենի պաշտոնակատար նշանակելու մասին, ինչպես նաև պահանջել են հանդիպում Գորիսի պետական քոլեջում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ՝ քննարկելու ստեղծված վիճակը։
Էմմա Մարտիրոսյան