Այս պահին Հովհանավանքում կարգալույծ եղած Ստեփան Ասատրյանը (նախկինում՝ Տեր Արամ) պսակադրություն է իրականացնում։ Եկեղեցու տարածքն էլ ոստիկանները հսկում են, որպեսզի որևէ խնդիր չառաջանա։
Հիշեցնենք, որ նախօրեին Մայր Աթոռը հաղորդագրություն տարածեց, որում նշվել էր, որ տեր Արամ քահանա Ասատրյանը կարգալույծ է արվել։ Այդ հաղորդագրությանը հետևեց ՔՊ-ի կողմից արշավն՝ ի աջակցություն Տեր Արամի։ Ավելին, Փաշինյանը հայտարարեց, որ կիրակի գնալու է Հովհանավանք՝ մասնակցելու Ստեփան Ասատրյանի մատուցած պատարագին։ ՔՊ-ականներից շատերն էլ, հաճոյանալով Փաշինյանին, հայտարարեցին, որ իրենք էլ են մասնակցելու այդ պատարագին։
Մայր Աթոռից MediaHub-ի հետ զրույցում ասացին, որ Ստեփան Ասատրյանի անցկացրած պսակադրությունը եկեղեցին անվավեր է համարում։ Եվ ընդհանրապես, անվավեր են բոլոր այն արարողությունները, որոնք իրականացվում են կարգալույծ եղած հոգևորականների կողմից։
«Նշեմ, որ այդ ամենը հակաօրինական է»,- մեզ հետ զրույցում ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։
Լրացում. եկեղեցում գտնվող լրագրողները զույգի ընտանիքին տեղեկացրել են, որ Ստեփան Ասատրյանը կարգալույծ է արվել, դրանից հետո որոշում է կայացվել, որ այլ քահանա անցկացնի պսակադրությունը։
Նարե Գնունի
