ՀՀ Կառավարությունը այսօրվա՝ դեկտեմբերի 4–ի նիստում որոշեց Հայաստան ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում մտցնել։
Նշվում է, որ սույն նախագծի ընդունումը պայմանավորված է երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը կանոնակարգելու և տեղական ցեմենտի շուկայում արտադրվող և ներմուծվող ցեմենտի համար հավասար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ:
Կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի N 873-Ն որոշմամբ ժամանակավոր (6 ամիս ժամկետով) սահմանափակումներ են կիրառվել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2523 (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2523100000, 2523210000) ապրանքային դիրքի ծածկագրերին դասվող ցեմենտի ներմուծման վրա, մասնավորապես՝ «Բացթողնում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծումն իրականացվում է լիցենզիաների հիման վրա։
Հայաստանի ցեմենտ արտադրող ձեռնարկությունների արտադրական հզորությունները կազմում են շուրջ 2.5 մլն տոննա և գերազանցում են ցեմենտի ներքին շուկայի պահանջարկը (1.4-1.5 մլն տ.)։
Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ աճել են երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի ծավալները, մասնավորապես՝ 2024 թվականին Հայաստան է ներմուծվել 581 հազ.տ. ցեմենտ (աճը 2023թ. նկատմամբ՝ 47%), իսկ 2025 թվականի առաջին կիսամյակում՝ 319 հազ.տ. ցեմենտ (աճը 2024թ. առաջին կիսամյակի նկատմամբ՝ 24%): Նշված պարագայում էլ ավելի է նվազել տեղական ցեմենտի մրցունակությունը՝ վատթարացնելով տեղական ցեմենտ արտադրողների ֆինանսական վիճակը։ Այդ իսկ նպատակով ՀՀ ԱԺ կողմից կատարվել են փոփոխություններ «Պետական տուրքի մասին օրենքում», սահմանելով երրորդ երկրներց ցեմենտի ներմուծման լիցենզիայի տրամադրման համար պետական տուրք յուրաքանչյուր մինչև մեկ տոննայի ներմուծման համար բազային տուրքի 800-ապատիկի չափով, նախկին՝ 200-ապատիկի փոխարեն (ՀՕ-122, ուժի մեջ է մտել 2025 թվականի հունիսի 14-ից)։
Միևնույն ժամանակ, ցեմենտի ներմուծման ծավալների աճը փաստում է, որ առաջարկվող կարգավորումները չեն խոչընդոտում երրորդ երկրներից ցեմենտի ներմուծման գործընթացին, միաժամանակ ապահովում են ցեմենտի ներքին շուկայի պահանջարկը (ի հաշիվ տեղական ցեմենտ արտադրող (այդ թվում՝ ներմուծվող կլինկերից տեղում ցեմենտ արտադրող) և երրորդ երկրներից ցեմենտ ներմուծող տնտեսավարողների միջև մրցակցության շնորհիվ։
Հիմնավորում նշվում է, որ կարգավորման նպատակը և բնույթը՝ տեղական ցեմենտի արտադրության զարգացում, ցեմենտի ներքին շուկայում տեղում արտադրվող և ներմուծվող ցեմենտի համար հավասար պայմանների ապահովում:
Մարիաննա Արամյան
