Երեկ Քննչական կոմիտեն մտել էր Reebok և Gold's Gym մարզասրահներ և մի քանի ժամ շարունակ քննչական գործողություններ էր իրականացնում։ Այդ ընթացքում խաթարվել էր մարզասրահի բնականոն աշխատանքը, մարզվողներին դուրս էին հանել շենքից, նոր այցելուներին էլ ներս չէին թողնում։ Մասնավորապես՝ Reebok-ի դիմաց երեկ այս պատկերն արձանագրեցին, թե ինչպես են դռները ներսից կողպել՝ զրկելով մարզվողներին իրենց ձեռք բերած փաթեթի շրջանակում մարզվելու հնարավորությունից։
Քննչական կոմիտեից այսօր MediaHub-ին հայտնեցին, որ երկու մարզասրահներում էլ քննչական գործողություններն ավարտվել են, այս պահին դրանք լիարժեք գործում են, որևէ մարզասրահ փակ չէ, իսկ քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական գործողությունների արդյունքում առգրավվել են հետաքրքրություն ներկայացնող առարկաներ։
Ի դեպ, մարզվողներին դուրս հանելու մասով ՔԿ-ից զարմանալիորեն ասացին, թե մարզվողներին տարածքը լքելու պահանջ չի ներկայացվել, ոչ մեկի դուրս չեն հանել, ընդամենը այդ պահին, երբ սկսել են քննչական գործողությունները կոնկրետ սենյակներում, այդտեղ ներկա գտնվողներին խնդրել են դուրս գալ, որ կապարակնքեն և իրենց գործողությունները սկսեն։ Մինչդեռ, մեր աչքի տեսածը լրիվ հակառակի մասին է, թե ինչպես էին մարզվողները դուրս գալիս, իսկ նոր եկողներն էլ մնում դրսում Քննչականի գործողութոյունների պատճառով։
Ինչ վերաբերում է նրան, թե ինչ քրեական վարույթի շրջանակներում են որոշել մտնել այս երկու մարզասրահներ, ապա Քննչական կոմիտեից հայտնեցին, որ երկու քրեական վարույթներն էլ նախաձեռնվել են առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր կամ այլ վճարներ չվճարելու դեպքի առթիվ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։
Մասնավորապես, ըստ Քննչական կոմիտեի՝ Reebok սպորտային ակումբը թաքցրել է շուրջ 500 մլն դրամի հարկ, իսկ Gold’s Gym-ը՝ 300 մլն դրամի հարկ։ Բայց սրանք նախնական թվեր են, հնարավոր է՝ նախաքննության ընթացքում այս թվերը փոփոխվեն։
Վահե Մակարյան