Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Իշխանությունները չեն թույլատրում անկախ բժիշկներին զննել Վարդան Ղուկասյանին՝ չնայած առողջական վտանգներին. Փոստանջյան

Blog Image

ՇՏԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ես՝ Զարուհի Փոստանջյանս, որպես Վարդան Ղուկասյանի փաստաբան և պաշտպան, սույնով տեղեկացնում եմ հանրությանը և լրատվամիջոցներին Վարդան Ղուկասյանի կալանքի վայրում՝ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում, ստեղծված ծայրահեղ մտահոգիչ իրավիճակի մասին։

Ես բավականին երկար ժամանակ ես գտնվել եմ քրեակատարողական հիմնարկի մուտքի մոտ, սակայն հիմնարկի աշխատակազմը, խախտելով իմ օրինական լիազորությունները, հրաժարվում է ինձ թույլ տալ մուտք գործել և հանդիպել իմ պաշտպանյալին։
Այսօր ավելի վաղ ես արդեն տեսակցել էի Վարդան Ղուկասյանին։ Նա ծանր և վտանգավոր առողջական վիճակում էր։ Ես լրջագույն մտահոգություն ունեմ նրա կյանքի, առողջության և ֆիզիկական անվտանգության համար։ Ինձ տեղեկացրել են, որ նրա խցում նոր անձինք են տեղավորել։

Մինչդեռ քրեակատարողական հիմնարկի ղեկավար պարոն Թամարյանը, արդարադատության նախարար տիկին Գալյանը, ինչպես նաև այլ պաշտոնատար անձինք հրաժարվում են որևէ տեղեկատվություն տրամադրել Վարդան Ղուկասյանի պահման պայմանների, այդ թվում՝ նրա խցում պահվող անձանց մասին։

Նույն կերպ Անահիտ Ավանեսյանը և Կամո Մանուկյանը հրաժարվում են տրամադրել որևէ բժշկական փաստաթուղթ կամ տեղեկատվություն՝ հղում անելով այսպես կոչված «բժշկական գաղտնիքին»։

2025 թվականի նոյեմբերի 8-ից ի վեր՝ ՀՀ իշխանությունները ապօրինաբար չեն թույլատրում անկախ բժիշկներին զննել Վարդան Ղուկասյանին՝ չնայած նրա կյանքին սպառնացող առողջական վտանգներին։

Հիշեցնում եմ, որ նախկինում եղել է մահափորձ Վարդան Ղուկասյանի նկատմամբ, որի ընթացքում սպանվել էին նրա ընկերները և նա ծանր վիրավորվել էր։ Հաշվի առնելով այս նախապատմությունը, իմ տնօրինության տակ եղած տեղեկությունները, քրեակատարողական մարմինների անհասկանալի և անթափանց վարքագիծը, ինչպես նաև տվյալ հիմնարկում առկա կալանքի սարսափելի պայմանները (օրինակ՝ վարագույրով փակվող զուգարան), ես լուրջ մտավախություն ունեմ, որ կարող են տեղի ունենալ անդառնալի հետևանքներ։

Ուստի ներկայացնում եմ հետևյալ հրատապ պահանջը. անհապաղ ապահովել իմ՝ որպես պաշտպանի, անսահմանափակ մուտքը Վարդան Ղուկասյանի մոտ՝ նրա կյանքի ու առողջության անվտանգությունը ստուգելու համար և կոնֆիդենցիալ իրավաբանական օգնություն ցույց համար, անհապաղ թույլատրել անկախ բժիշկների մուտքը և նրա բժշկական զննությունը, ինչպես նաև ապահովել լիարժեք թափանցիկություն նրա պահման պայմանների և նրա խցում տեղակայված անձանց վերաբերյալ։ Վարդան Ղուկասյանի կյանքի իրավունքի խախտման դեպքում լիակատար և անհատական պատասխանատվություն են կրում բոլոր այն պաշտոնատար անձինք, ովքեր տեղեկացված են այս իրավիճակի մասին․ մասնավորապես՝ քրեակատարողական հիմնարկի ղեկավարը, Արդարադատության նախարարն անձամբ, քրեակատարողական ծառայության պետը, ՀՀ առողջապահության նախարարը և նրա ենթակայության տակ գտնվող բոլոր պաշտոնատար անձինք։

Միաժամանակ դիմում եմ ՀՀ Գլխավոր դատախազին՝ պահանջելով անհապաղ դադարեցնել իմ մասնագիտական գործունեության խոչընդոտները, որոնց մասին նա նույնպես լիովին տեղեկացված է։

Սա վերաբերում է նաև Մարդու իրավունքների պաշտպանին, ով տեղեկացված լինելով իրավիճակի լրջության մասին՝ շարունակում է ցուցաբերել անգործություն։
28.11.2025 թվական

Վարդան Ղուկասյանի պաշտպան Զարուհի Փոստանջյան

Send