Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

«Կարմիր» և «կապույտ» գծերի արժեքը կփոխվի՞

Blog Image

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները մի քանի օր առաջ կոչ էին անում վարորդներին «կարմիր գծերի» համար սահմանված գումարը, որը քաղաքային իշխանությունների թեթև ձեռքով դարձել է տարեկան 160 հազար դրամ, չվճարել, քանի որ 2025 թվականի համար Երևանի ավագանու կողմից սահմանված «կարմիր գծերի» թանկացմանը վերաբերող դրույթները դատարանի կողմից անվավեր են ճանաչվել։ 

MediaHub-ին Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը նշել էր, որ սահմանված ժամկետում բողոքարկվելու է, քանի որ իրենք ունենք իրենց դիրքորոշումը, «Մայր Հայաստանն» ունի իր դիրքորոշումը, դատարանը՝ իր, և այս երեք դիրքորոշումները վերջնական պետք է հանգուցալուծվեն դատարանի վճռով։

Եթե բողոքարկվելուց հետո դատարանը մնա իր որոշմանը, և անվավեր ճանաչեն «կարմիր» և «կապույտ» գծերի թանկացման գործընթացը, ի՞նչ է անելու քաղաքային իշխանությունը, կփոխվի՞ արդյոք կայանատեղիների արժեքը․ MediaHub-ը զրուցեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանի հետ։

«Քաղաքապետարանը պաշտոնական հաղորդագրությամբ հանդես եկավ այդ հարցի հետ կապված, բողոքը ներկայացվել է, մնացածի մասով մեկնաբանել չեմ կարող, ինչպես դատարանը որոշի՝ այդպես կլինի»,– նշեց Հարությունյանը։

Հարցին, թե հնարավո՞ր է, կայանատեղիների սակագները մոտ ապագայում փոփոխվեն,  տրանսպորտի վարչության պետը նշեց․ «Չեմ կարող ասել, դատական գործընթաց է գնում, ամենը կախված է դատարանի որոշումից»։

«Կարմիր» և «կապույտ» գծերի ներդրման, կայանատեղիների գների բարձրացման գործընթացի ժամանակ քաղաքային իշխանությունը նշում էր, որ կնպաստի քաղաքում ավտոմեքենաների բեռնաթափմանը, խցանումների նվազմանը և մարդիկ կնախընտրեն երթևեկել հանրային տրանսպորտով:

Հետաքրքրվեցինք՝ այսքան ժամանակ հետո արդյո՞ք քաղաքային իշխանությունը տեսնում է բեռնաթափված Երևան և մյուս արդյունքները, որոնք նպատակադրել էր։ 

«Վճարովի ավտոկայանատեղիներն ազդեցություն են ունենում երթևեկության կազմակերպման հետ կապված, փոփոխությունները շարունակական են լինելու։ Հաշվի առնելով այն տեմպերը, որով ավելանում են տրանսպորտային միջոցները, պետք է կիրառվեն տրանսպորտային միջոցների նկատմամբ սահմանափակումներ, որոնք կարգելեն կամ կսահմանափակեն տրանսպորտային միջոցների երթևեկությունն այն հատվածներում, որտեղ առավել շատ խնդիրներ ունենք։ Մի շարք սահմանափակումներ՝ օրինակ, բեռնատարների նկատմամբ ժամային արգելքն, արդեն իրականացրել ենք։ Ավտոբուսային գծերի ներդրումն իրենից ենթադրում է երթևեկելի գոտիներից մեկն առանձնացնել և մնացած գոտիներում, իհարկե, փորձում ենք անել, որ չվատթարանա իրավիճակը, բայց խնդիրն առաջանում է անձնական ավտոմեքենա վարողների մոտ, և սա նորմալ է, քանի որ մեր քաղաքականությունը հստակ է՝ առաջնահերթություն պետք է մնա հանրային տրանսպորտը, որը պետք է երթևեկի Երևան քաղաքում ավելի անվտանգ և ավելի արագ»,– հավելեց տրանսպորտի վարչության պետը։

Մարիաննա Արամյան

Send