Այսօր երկարատև լռությունից հետո հանկարծ «արթնացել» ու ֆեյսբուքում գրառում էր արել Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։ Թե ինչ է գրել՝ էական չէ, թեպետ երկու բառով կարող ենք ասել՝ անդրադարձել է Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանի անեծքին և կոչ արել իրավապահներին ուշքի գալ։
Այս իշխանությունների համար Վիգեն Սարգսյանը մեկն է այն «թռածներից», որոնք «մի ոտ շուտ» հասցրել են լքել Հայաստանը, որ խուսափեն նիկոլական արդարադատության ճիրաններից։ Իրենք՝ նիկոլականներն ու նրանց աջակցող զանգվածը, այս մարդկանց հենց այդպես են գնահատում, որ նրանք թռել են երկրից, որպեսզի պատասխան չտան օրենքի առաջ՝ մոռանալով, որ այդ օրենքը փաթեթավորված է Նիկոլ Փաշինյանի ու նրան ենթակա իրավապահների անձնական վրեժխնդրությամբ և քաղաքական նպատակահարմարությամբ։ Նրանցից ոմանք այս տարիներին տարբեր ժամանակներում և տարբեր առիթներով քաղաքական ակտիվություն են ցուցաբերել և անմիջապես հայտնվել իշխանությունների թիրախում թե՛ իրավական, թե՛ քաղաքական մակարդակում։ Օրինակ՝ ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը, որը հենց հայտարարեց, որ մտնում է քաղաքականություն և կուսակցություն է հիմնում, անմիջապես սկսեցին ոչ միայն իրավական դաշտում, այլև ԱԺ ամբիոնից, նաև համացանցում ֆեյքային գրոհներով թիրախավորել նրան։ Նույնը կարելի է ասել պաշտպանության նախկին նախարար, ընդ որում՝ Նիկոլ Փաշինյանի օրոք աշխատած նախարար Արշակ Կարապետյանի մասին, որը ևս դրսում է՝ Մոսկվայում, և այնտեղից այստեղ հայտարարել է քաղաքական պայքարի մասին ու նորից հայտնվել իշխանությունների թիրախում։
Վիգեն Սարգսյանը միջին կարգավիճակում է՝ նա ընդամենը ժամանակ առ ժամանակ ինչ-որ մտքեր է հայտնում Ֆեյսբուքում։ Նրա պես էլի մի երկու հոգի կան, որ իրենց գոյության մասին հիշեցնել են տալիս սոսկ տարին մի երկու անգամ «կարևոր իրադարձությունների ժամանակ» իրենց «հեղինակավոր» մտքերը հանրությանը հայտնելով։
Այս անձանց կողքին, սակայն, կան մարդիկ, որոնք 2018-19 թվականներին իրենց դեմ քրեական գործեր հարուցելուց ընդամենը հինգ րոպե առաջ հասցրել են այնպես անհետանալ երկրից, որ իզ ու թողով կորել են։ Նրանց մասին ոչ ոք հիմա չի հիշում, իսկ իրավապահներն էլ չգիտեն անգամ, թե աշխարհագրորեն որ հատվածում են գտնվում նրանք։ Զորօրինակ՝ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, որն այնքան հաջողակ բիզնես-մտածելակերպով նախարար էր, որ նախկինների օրոք հասցրել էր Տիգրան Մեծի պողոտայում գտնվող պետական շենքը (Հանարդնախագծի շենքը) կոպեկներով սեփականաշնորհել, հետո դա թանկ գներով վարձով տալ այդ նույն պետությանը։ Ու երբ իշխանափոխությունից հետո նրա դեմ տարբեր դրվագներով քրեական գործ հարուցվեց, Հարությունյանը, որ առավել հայտնի է Բուլկի Արամ անունով, հանկարծակի անհետացավ երկրից էլ, ռադարներից էլ։ Ու մինչ օրս ոչ ոք նրա տեղը գոնե մոտավոր չգիտի։ Եթե նույն Արշակ Կարապետյանի, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և մյուսների տեղը գոնե աշխարհագրորեն հայտնի է՝ նրանք իրենք են հայտարարել, որ գտնվում են Մոսկվայում, իսկ Վիգեն Սարգսյանն էլ գիտենք, որ ԱՄՆ-ում է, ապա Բուլկի Արամի պարագայում ոչինչ հայտնի չէ։
Հանրության մեծ մասը այսօր անգամ մոռացել է նրա մասին, շատերը այլևս չեն հիշում, որ այդպիսի նախարար է եղել, որը նախկին «թալանչիների» մեջ հաստատ վերջին տեղերում չէր և բավականին մեծ հռչակ էր վայելում այդ առումով։ Բայց, արի ու տես, որ թեև գլխավոր դատախազությունը վերջերս հայտարարեց, որ Արամ Հարությունյանի գործը ուղարկվել է դատարան, և նրան հեռակա պետք է դատապարտեն, բայց առնվազն հանրային դիսկուրսում Բուլկի Արամը գոյություն չունի։ Ոչ ՔՊ-ականներն են նրան հիշում ԱԺ բարձր ամբիոնից, ոչ ֆեյքերն են նրան հիշում, ոչ էլ քաղաքական մյուս դերակատարները։
Ստացվում է՝ ով խոսում է, հանրային դաշտում ակամա դառնում է ավելի թալանչի ու հանցագործ, քան նրանք, որոնք լռում են ու փորձում մոռացության մատնվել, որ ոչ ոք իրենց մասին չհիշի։ Այսինքն՝ մյուսներն ավելի «հանցագործ են», քան Արամ Հարությունյանն ու նրա պես այլ «թռածներ», որոնք դիվանագիտորեն լռում են՝ չանհանգստանալով երկրի վիճակի մասին, չփորձելով թեկուզ հեռվից որևէ կերպ պայքարել իրենց ու մեր հայրենիքի՝ այն Հայաստանի համար, որտեղ ու որի հաշվին իրենք հասցրել են մի լավ հարստանալ, որ կարողանան պատեհ պահի փախչել երկրից և, թեկուզ հետախուզման մեջ, բայց ազատ ապրել աշխարհի ցանկացած կետում։ Ով գիտի՝ Բուլկի Արամը հիմա վայելում է կյանքը որևէ էկզոտիկ երկրում՝ թքած ունենալով Հայաստանի վրա էլ, հայ ժողովրդի վրա էլ, իր հայրենի Եղվարդի վրա էլ, ու ոչինչ, որ այսօր սեփական հողում հայ ժողովուրդը գերի է ընկել այս իշխանությունների ձեռքը, որոնք իշխանության են եկել հենց իր ու իր պեսների պատճառով նաև։
Չի բացառվում՝ Արամ Հարությունյանն էլ է «կրոնն ու դրոշը» փոխել և դարձել նիկոլական՝ լռելու և որևէ ակտիվություն չցուցաբերելու դիմաց ձեռք բերելով այս հարաբերական ազատությունը, չենք զարմանա նաև, որ պարզվի՝ իրականում Հայաստանում է կամ գոնե այս իշխանությունների հետ կապի ու գործարքի մեջ է։ Հնարավոր է՝ աշխարհի որևէ ծագում նեղության մեջ է, ու սիրտը իսկապես շատ ցավում է մեր երկրի համար, պարզապես ինտերնետ կամ արտահայտվելու հնարավորություն չունի։ Այս բոլոր հարցերի պատասխանը կարող են տալ իրավապահները կամ հենց ինքը՝ Հարությունյանը։
Ուստի, MediaHub-ը հետաքրքրվեց գլխավոր դատախազությունից, թե ի՞նչ թարմ նորություն կա Արամ Հարությունյանի գործից, իրենք տեղյա՞կ են՝ մոտավորապես երկրագնդի որ հատվածում է նա գտնվում, և քննո՞ւմ են այն հանգամանքը, թե ինչպես է հաջողվել այդ մարդուն այդպես հեշտությամբ ու անարգել լքել երկիրը։ Պատասխաններն ստանալուն պես՝ առանձին կանդրադառնանք այս թեմային։ Ցավոք, իրենից հետաքրքրվել չէինք կարող։
Վահե Մակարյան