Նիկոլ Փաշինյանի նախաստորագրած միջանցքը, որ անվանել են «Թրամփի ուղի»՝ մեղմելու դրա միջանցքային տրամաբանությունը, իրականում, դեռ շատ անորոշ է և բազմաթիվ հարցեր է առաջ քաշում, որոնց պատասխանները մենք չենք կարողանում ստանալ Փաշինյանից։
Մասնավորապես, կառավարության նախորդ նիստերից մեկից հետո MediaHub-ը նրանից հետաքրքրվել էր, թե արդյոք հայ մաքսավորն ու սահմանապահը ստուգելո՞ւ են այդ ճանապարհով անցնող ադրբեջանցիներին և նրանց բեռները, թե՞ նրանք անխոչընդոտ, առանց որևէ ստուգման անցնելու են մեր տարածքով, գնան Նախիջևան։ Փաշինյանը երկար-բարակ լոլոներ էր կարդացել, թե ամեն ինչ լինելու է փոխադարձության, ինքնիշխանության ու էլի նմանատիպ բաների հիման վրա, ապա հիշեցրել էր նորագույն տեխնոլոգիաների մասին, որ շատ երկրներում մարդկային գործոնը բացակայում է՝ բիոմետրիկ անձնագրերի դեպքում էլեկտրոնային սարքերն են ստուգում և բաց թողնում սահման հատող անձանց։
Այսինքն՝ ակնարկում էր, որ որևէ մեկն, ըստ էության, չի ստուգելու ադրբեջանցիներին, որոնք անցնելու են «Թրամփի ուղի» կոչվող հայկական միջանցքով։ Այսօր հերթական ճեպազրույցի ժամանակ նրան մեկ այլ՝ անվտանգային առումով շատ կարևոր հարց ուղղեցինք, թե Ադրբեջանը կարողանալո՞ւ է այդ ճանապարհով զենք-զինամթերք, զորք ու զինտեխնիկա անցկացնել դեպի Նախիջևան, և եթե տանելու է, ո՞վ է ստուգելու այդ ամենը, և այդ ամենը ի՞նչ ռիսկեր է պարունակում, չէ՞ որ կարող է մի օր այդ զորքը միջանցքի կեսից որոշի բացազատվել մեր տարածքում՝ դրանից բխող հետևանքներով։ Փաշինյանը նորից սկսեց Գյուլնազ տատի հեքիաթները պատմել՝ հիշելով իր սիրելի հեքիաթի՝ Կիկոսի մահի մասին ու նշելով, որ այդ դետալներն իրենք չեն քննարկել Ալիևի հետ ու հիշեցրեց հինգ սկզբունքներից մեկի՝ փոխադարձության սկզբունքի մասին։
«Եթե մի պայման գործում է Հայաստանի դեպքում, այդ պայմանը գործում է Ադրբեջանի դեպքում, և էլի ստիպված եմ հիշեցնել Կիկոսի մահի մասին․ պետք չէ Կիկոսի մահի տրամաբանության մեջ մեր կյանքը մեկնաբանել, որովհետև, այնուամենայնիվ, մեր ժողովրդական բանահյուսությունն ունի այլ ուղղություններ նույնպես, և սա այն դեպքը չէ, երբ ժողովրդական բանահյուսությունները հարցի մեկնաբանության և հարցի ընկալման լավագույն ձևն է»,- ասաց նա։
Այնուհետև հիշեցրեց, որ այդ մանրամասների շուրջ իրենք պայմանավորվածություն չունեն, իրենք ունեն սկզբունքներ։
«Մենք մեզ պիտի հարց տանք՝ մենք ուզո՞ւմ ենք, որ մեր զենքը և զորքը անցնի Նախիջևանով, այսինքն՝ մենք ուզո՞ւմ ենք, թե՞ չենք ուզում։ Երբ որ մենք կորոշենք, որ մենք ուզում ենք, որ մենք Նախիջևանի տարածքով դեպի Մեղրի և հակառակ ուղղությամբ զենք տանենք, նման թեմայով բանակցություններ կբացենք։ Եթե մենք որոշենք, որ մենք չենք ուզում, որ Նախիջևանի տարածքով դեպի Սյունիք զենք տանենք երկաթուղով և հետ բերենք, ուրեմն կորդեգրենք համապատասխան բանաձև և էդպես շարունակ»,- ասաց նա։
Սրանից հետևում է, որ չի բացառվում, որ Ադրբեջանը զենք և զորք տեղափոխի մեր տարածքով, ինչը հղի է մեծ վտանգներով։
Վահե Մակարյան