Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ի՞նչ որոշում ունի Մայր Աթոռը Տեր Արամի մասով

Blog Image

Երեքշաբթի առավոտյան Հռոմի պապ Լևոն XIV-ն ընդունել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին։ Սա նրանց առաջին հանդիպումն էր, որը կարևոր նշանակություն ունի ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ քրիստոնյա աշխարհի համար։

MediaHub-ը երեկ գրել էր, որ Հանրային հեռուստաընկերության  լուրերում ոչ մի հիշատակում չի եղել Կաթողիկոսի և Հռոմի պապի հանդիպման մասին: Հասարակական նշանակության նման հանդիպումը, բնականաբար, պետք է ներկայացվեր հանրությանը, սակայն իշխանական վերահսկողության տակ գտնվող հեռուստաալիքը ընտրեց լռության ճանապարհը, ինչը ոչ այլ ինչ է, քան Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական քաղաքականությանը տուրք տալ: Ու սա այն դեպքում, հիշեցնենք, որ ՀԸ-ն գործում է մեր՝ հարկատուներիս հաշվին: 

Նույն օրը, երբ Վեհափառը հանդիպում ունեցավ Հռոմի պապի հետ, ՀԸ-ի եթերում, փաշինյանական իշխանության գլխավոր «ռուպռ» համարվող  Պետրոս Ղազարյանի եթերում հակաեկեղեցական տոնայնությամբ խայտառակ բովանդակությամբ հարցազրույց տվեց Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանը։ Վերջինս արդեն տևական ժամանակ միացել է այս իշխանության հակաեկեղեցական արշավին:

«Ամեն անգամ ինձ կարգալույծ անելու սպառնալիքներ էին, ինձ կասկածում են, համարում փաշինյանական»,– ահա այսպես է արտահայտվել  Տեր Արամ քահանան ՀԸ–ում։ Նա այլ աղմկահարույց հայտարարություններ էլ է արել իբր եկեղեցու ներսում տիրող բարքերի մասին, որոնք պարզապես չենք տիրաժավորի:

MediaHub-ը կապ հաստատեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանի հետ, հասկանալու՝ արդյո՞ք այս հարցազրույցից հետո էլ Մայր Աթոռի կարգապահական հանձնախումբը չի քննարկելու Տեր Արամի հարցը:

Տեր Եսայի քահանա Արթենյանը նշեց, որ այս պահին նման օրակարգ  Տեր Արամի մասով չկա։

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպե՞ս է Մայր Աթոռը գնահատում այն հանգամանքը, որ ՀԸ-ի եթերում Վեհափառի այցը Վատիկան ու հանդիպումը Հռոմի պապի հետ չլուսաբանվեց, մեր զրուցակիցը նշեց. «Կարծում եմ, որ հաշվի առնելով Վեհափառի այցը և առաջին հանդիպումը այս Հռոմի Պապի հետ որպես կարևոր իրադարձություն, եթե ՀԸ-ն դրան չի անդրադարձել,  հետևությունները պարզ են։ Այն, որ ՀԸ-ն նման կարևոր, հանրային նշանակության հանդիպումը չի լուսաբանել, ամեն ինչի մասին ինքնին խոսում է»։ 

Հիշեցնենք, Տեր Արամ քահանան վերջին շաբաթներին ամենից քննարկվող հոգևորականն է, սոցցանցի իր էջում նա մի շարք գրառումներ էր արել, իր ձևակերպմամբ՝ «եկեղեցական զազրելի բարքերի ու բարձիթողի կանոնների մասին», ինչպես նաև այն մասին, թե  «բարձրաստիճան կուսակրոն հոգևորականները ամուսնացյալ քահանաներին վախեցնում են, լռեցնում, ստորացնում, ատամները փշրում»։ Անուններ մինչ օրս չեն հնչել: Մայր Աթոռի կարգապահական հանձնախումբը, սակայն, Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամի հարցը չէր քննարկել այս աղմկահարույց հայտարարություններից հետո:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առաջարկում է Ամենայն Հայոց կաթողիկոսին փոխարինել «որևէ ամունացյալ բարեվարք քահանայով»...

Send