Ամերիկյան նավթային ExxonMobil ընկերությունը միացել է Chevron-ին՝ քննարկելով Ռուսաստանի պատժամիջոցների տակ գտնվող «Լուկօյլի» արտասահմանյան ակտիվների գնումը, հայտնել են Reuters-ի աղբյուրները։
Դիտարկվող ակտիվների թվում են Ղազախստանի Կարաչագանակ և Թենգիզ հանքերում ունեցած բաժնեմասերը, որտեղ ամերիկյան երկու ընկերություններն էլ արդեն «Լուկօյլի» գործընկերներն են։
Exxon-ը հատուկ ուշադրություն է դարձնում Իրաքի «Արևմտյան Քուռնա-2» հանքին, որը ռուսական ընկերության ամենաարժեքավոր արտասահմանյան ակտիվներից մեկն է։ Ավելի վաղ Exxon-ը կառավարում էր հարևան «Արևմտյան Քուռնա-1» նախագիծը, որից դուրս էր եկել անցյալ տարի։
ԱՄՆ Ֆինանսների նախարարության՝ «Լուկօյլի» հետ բանակցություններ վարելու թույլտվության ժամկետը երկարաձգվել է մինչև դեկտեմբերի 13-ը։ Բացի Exxon-ից և Chevron-ից, «Լուկօյլի» արտասահմանյան ակտիվների նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև Աբու Դաբիի Ազգային նավթային ընկերությունը և ամերիկյան մասնավոր ներդրումային Carlyle ընկերությունը։
«Լուկօյլի» արտասահմանյան ակտիվները ներառում են նավթավերամշակման գործարաններ Եվրոպայում, բաժնեմասեր Ղազախստանի, Իրաքի, Մեքսիկայի, Գանայի, Եգիպտոսի և Նիգերիայի հանքերում, ինչպես նաև հարյուրավոր բենզալցակայաններ ամբողջ աշխարհում։ 2024 թվականի տվյալներով՝ դրանք ապահովում են նավթի համաշխարհային արդյունահանման մոտ 0,5%-ը։
