Երեկ՝ դեկտեմբերի 2-ին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ–ի տնօրենի պաշտոնից ազատել է Կարեն Լազարյանին։
MediaHub-ի հետ զրույցում Կարեն Լազարյանը նշեց, որ հեռացվել է առանց նախապես ծանուցման։
«Չեմ կարող ասել, թե ինչու, միանգամից նման հրաման տվեց տիկինը։ Կրթության նախարարը վերջնականապես պլանը կատարեց։ Բնականաբար այս ամենի հեղինակը Սյունիքի մարզի խոպանչի մարզպետն է, որովհետև արդեն մի քանի տարի է, ինչ ուզում է այս մարզում կայանալ, բայց իր չկայացման գործում մեղավորներ է փնտրում, որի ցանկում եղավ նաև Գորիսի պետական քոլեջը»,- նշեց Լազարյանը։
Նրա պնդմամբ՝ նա ապօրինի է ազատվել աշխատանքից։ Աշխատակազմի մի մասը դիմում է գրել և նույնպես չի ցանկանում աշխատել առանց քոլեջի արդեն աշխատանքից ազատված տնօրենի։
«Ես փորձում եմ մարդկանց համոզել, որ չանեն նման բան, որ կարողանան իրենց տունը պահել, բայց չեն ուզում Ժաննա Անդրեասյանի հետ աշխատել»,- մեզ հետ զրույցում հավելեց նա։
Լազարյանի խոսքով՝ այս պահին քոլեջում դասապրոցեսը կաթվածահար է։
MediaHub-ն ավելի վաղ գրել էր, որ Գորիսի պետական քոլեջում անժամկետ գործադուլ և դասադուլ է հայտարարվել, որի մասին քոլեջի կոլեկտիվը հոկտեմբերի 4–ին իրազեկել էր ՀՀ վարչապետին և ԿԳՄՍ նախարարին։ Նրանք պահանջում էին հանդիպում ՀՀ ԿԳՄՍ նախարարի հետ՝ Գորիսում ստեղծվող բազմագործառութային քոլեջի տնօրենի պաշտոնակատարին վերաբերող հարցի շուրջ:
Էմմա Մարտիրոսյան
