Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սկանդալ՝ Ղևոնդ Ալիշանի անվան միջնակարգ դպրոցում, փոխգնդապետի և նրա եղբորն են բերման ենթարկել. Shamshyan

Blog Image

Նոյեմբերի 20-ին սկանդալային դեպք էր տեղի ունեցել Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 միջնակարգ դպրոցում:
 
Այդ օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի մտել է նշված դպրոց, բարձրացել 2-րդ հարկ, ապա մտել 8 «Բ» դասարան, ու դասի ժամանակ խաթարել է դպրոցի բնականոն աշխատանքը: 

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Նուբարաշենի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Կարեն Հովհաննիսյանի գլխավորությամբ: 

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և դպրոցից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով Նուբարաշենի ոստիկանները ոստիկանության Նուբարաշենի բաժին են տեղափոխել 2 քաղաքացու: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրանք են՝ Նուբարաշենի բնակիչներ 41-ամյա Մելիք Գ.-ն և 39-ամյա Սերյոժա Գ.-ն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մելիք Գ.-ն եղել է դպրոցի ներսում և մոտ 5-10 րոպե գոռգոռացել է ուսուցիչների և աշակերտների վրա, ասելով, թե դուք էդքան կա՞ք, որ իմ տղային ծեծեք, իսկ երբ օպերատիվորեն ժամանած Նուբարաշենի ոստիկանները նրան դպրոցի ներսում բռնել ու տեղափոխելիս են եղել ոստիկանութուն, բակում կանգնած Սերյոժա Գ.-ն, տեսնելով, թե ինչպես են եղբորը ոստիկանները տեղափոխում, դպրոցի բակում սկսել է խախտել հասարակական կարգը, ծնողների և աշակերտների ներկայությամբ հնչեցրել է վերացական հայհոյանքներ, ապա փորձել է խոչընդոտել ոստիկանության ծառայողների աշխատանքը, ինչից հետո նրան նույնպես խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ոստիկանները ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Նուբարաշենի բաժին: 
  
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մելիք Գ.-ն կոչումով փոխգնդապետ է և աշխատում է ՀՀ ուժային կառույցներից մեկի բաժիններից մեկում՝ որպես պետ:
 
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, նոյեմբերի 20-ին վիճաբանություն էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Նուբարաշենի թիվ 95 դպրոցի 8 «Բ» դասարանի աշակերտների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով «Քթոսկրի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ «Մուրացան» բժշկական կենտրոն բուժօգնության էր տեղափոխվել մի տղա։

Ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողները պարզել էին, որ բուժօգնության տեղափոխվածը 13-ամյա Գ․-ն է, ինչպես նաև պարզվել էր, որ նույն օրը ժամը 11։00-ի սահմաններում Նուբարաշենի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 միջնակարգ դպրոցի 8 «Բ» դասարանում աշակերտներ՝ Գ.-ի, Երևանի բնակիչներ 13-ամյա Ս․-ի, 13-ամյա Մ․-ի և 13-ամյա Մ․-ի միջև առաջացել էր վիճաբանություն, որի ժամանակ Ս․-ն բռունցքով հարվածել էր Գ․-ի դեմքին և պատճառել մարմնական վնասվածք։

Դեպքի փաստով նախաձեռնվել էր քրեական վարույթ։
 

Send