Երեկ՝ նոյեմբերի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 23:40-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 24-ամյա Կարեն Հ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոանապարհին՝ դեպի Սևան ընթանալիս, բախվել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Ջոնիկ Վ.-ի վարած «ԶԻԼ 131» մակնիշի ավտոմեքենային:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Օպել»-ի վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Հրաչյա Գևորգյանի գլխավորությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից, ապա պարեկային ծառայության ավտոմեքենայով տեղափոխվել «Սևան» բժշկական կենտրոն:
Մինչ կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Սևանի բաժին, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է: Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: «ԶԻԼ»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
