Այսօր առավոտյան Լոռու մարզի Տաշիր համայնքի Մեծավան վարչական շրջանի բնակիչները փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։ Պատճառը Մեծավանից Տաշիր ավտոճանապարհի խայտառակ վիճակն է. դեռ ապրիլին պետք է սկսեին ճանապարհաշինական աշխատանքները, սակայն առանց որևէ հիմնավորման, աշխատանքները չեն սկսվում։
«21-րդ դարում նման ճանապարհ ունենալն ուղղակի խայտառակություն է։ Ապրիլին արդեն պիտի աշխատանքները մեկնարկեին, ամեն ինչ պատրաստ է, տենդեր շահած ընկերություն կա, բայց աշխատանքները չեն մեկնարկում։ Ճանապարհ, կարելի է ասել, չկա, մարդիկ չեն կարողանում Մեծավանից Տաշիր հասնել, մեքենաները ջարդուփշուր են լինում»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Մեծավանի վարչական ղեկավար Հովիկ Մարկոսյանը։
Նրա խոսքով՝ բոլորը մոռացել են իրենց համայնքի մասին, ոչ ոքի չի հետաքրքրում Մեծավանի բնակչի խնդիրը։
«Մարզպետի մակարդակով մեր բողոքը լսելի է դառնում, բայց դրանից հետո, չգիտեմ՝ ինչ է լինում։ Իմ մակարդակի հարց չէ ՏԿԵՆ-ին դիմելը։ Մենք մարզպետին ենք տեղյակ պահում, դրանից հետո` ինչ գործընթաց է տեղի ունենում, ես չգիտեմ»,- նշեց Մարկոսյանը։
Նա ասաց, որ համայնքի բնակիչները կես ժամ են փակ պահել ճանապարհը, այնուհետև բացել են։
«Ես ինքս նոր եմ եկել համայնք, դաշտերում էի, ինձ ասացին, որ բնակիչներին խոստացել են՝ հաջորդ չորեքշաբթի օրվանից աշխատանքները մեկնարկելու են»,- նշեց մեր զրուցակիցը:
Նարե Գնունի