Առջևում 2026 թվականի խորհրդարանական ընտրություններն են, որի արդյունքում ՔՊ խմբակցության ներսում վերադասավորումներ են։
Արդեն մի շարք պատգամավորներ հանդես են եկել հայտարարություններով՝ իրենք առաջադրվել են ՔՊ-ի համամասնական ցուցակում, սակայն այսօր արդեն տեղեկացանք մի քանի պատգամավորից, որ չեն առաջադրվել 2026-ին ՔՊ ցուցակում։
Մասնավորապես, ինչպես տեղեկացանք՝ չեն առաջադրվել Հրաչյա Հակոբյանը, Խաչատուր Սուքիասյանը, Լենա Նազարյանն ու Քրիստինե Պողոսյանը։
Վերջինիս՝ Քրիստինե Պողոսյանի ցուցակում չառաջադրվելու պատճառը մեկն է՝ հոգնել է քաղաքականությունից։ Ուզում է իր նախկին կյանքով ապրել։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում նշեց Պողոսյանը։
«Ինչի՞ բոլորը պիտի հավերժ լինեն քաղաքականության մեջ, քաղաքականությունից այն կողմ կյանք կա։ Ես ուրախ եմ առաջադրված թիմակիցների համար, ես հարգում եմ իրենց կամքը, բայց ես կարծում եմ, որ ոչ բոլորը պետք է մնան քաղաքականության մեջ, մարդ պետք է զգա գնալու ժամանակը»,- նշեց պատգամավորը։
Նրա կարծիքով՝ պետք է ունենալ համարձակություն գնալու համար։
Պողոսյանը որոշել է քաղաքականությունից հետո զբաղվել նրանով, ինչով զբաղվում էր քաղաքականությունից առաջ՝ արվեստ, բիզնես։
«Ես որոշել եմ իմ բիզնեսը նորից սկսել, կարծում եմ, որ տնտեսությանը օգուտ կտամ, հետևաբար նաև իմ պետությանը։ Կարևոր չի՝ որտեղ ես աշխատում, կարևորն օգուտ բերես պետությանդ»։
Այս ամենին զուգահեռ Քրիստինե Պողոսյանը վստահ է՝ իր թիմը 2026 թվականին հաղթելու է և ունենալու է ձայների մեծամասնությունը։
Էմմա Մարտիրոսյան
