Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բացահայտվել է սահմռկեցուցիչ հանցագործություն, կասկածյալ որդու հոր մար մինը հայտնաբերվել է դաշտում՝ հողով ու քարերով ծածկված. Shamshyan

Blog Image

Երեկ՝ սեպտեմբերի 18-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Ալեքսան Նարսոյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզի քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ ոստիկանության Մուշի բաժնում ստացված հերթական օպերատիվ տեղեկությունների արդյունքում բացահայտել են Գյումրիում տեղի ունեցած սահմռկեցուցիչ հանցագործությունը: 

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մուշի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Մուշ թաղամասի շենքերից մեկի բնակիչը սպանություն է կատարել և սպանվածի մարմինը թաղել է տնից հեռու:
 
Արդեն տեղում Մուշի ոստիկանները համագործակցելով Շիրակի մարզի քրեական ոստիկանության իրենց գործընկերների հետ, ենթադրյալ կասկածյալին հայտնաբերում են և սպանությունը կատարելու հիմնավոր կասկածով տեղափոխում ոստիկանության Մուշի բաժին, որտեղ էլ փաստերի ճնշման տակ կասկածյալը խոստովանում է կատարածը: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալը՝ Գյումրիում բնակվող 30-ամյա Արայիկ Գ.-ն, մարտի 19-ի՝ լույս 20-ի գիշերը, իրենց տանը վիճաբանում է հոր՝ 64-ամյա Գարիկ Գ.-ի հետ, ինչը վերածվում է քաշքշուկի և ավարտվում սահմռկեցուցիչ սպանությամբ, ինչ արյդունքում հայրը մահանում է (նախաքննության շահերից ելնելով որոշ մանրամասներ չենք հրապարակում): 
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա հոր մարմինը մեկ օրից ավելի պահում է տանը, փոխում հագուստները, հորը հագցնում նոր շորեր, ապա փաթաթում պոլիէթիլենային տոպրակով, սավաններուվ և հաջորդ օրը գիշերը հոր մարմինը դուրս է բերում տնից և տանում Մուշ թաղամասին հարակից դաշտ ու այնտեղ մի փոքր փոս է փորում, մարմինը նետում փոսի մեջ, հողով ու քարերով փակում, իսկ արյունոտված շորերն ու հանցագործության գործիք դանակը նետում է աղբամանը: 
  
Արդեն դեպքի վայրում կասկածյալը նախ շենքի մոտ հայտնում է, թե որտեղ է տեղի ունեցել վիճաբանությունը և սպանությունը, ապա մատնացույց անում՝ ինչպես և ինչ պայմաններում է հոր մարմինը տեղափոխել ու թաղել դաշտում: 
 
Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: 
 
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ դեպքի վայր են ժամանել նաև Շիրակի մարզի դատախազն ու դատախազի տեղակալը:
 
Մինչ քննիչը կաշխատեր կասկածյալի հետ, դեպքի վայրում ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի հանձնարարականով՝ դեպքի վայրը սահմանազատել ու մոտ 6 ժամից ավելի ծառայություն են կատարել պարեկներն ու համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները: 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ սահմռկեցուցիչ հանցագործությունը բացահայտվել է շնորհիվ համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների, հակառակ դեպքում այդ հանցագործությունը գուցե չբացահայտվեր, մահացածի մարմինը մնար հողի տակ: 

 

Send