Չելյաբինսկում կայացել է «Ծնված՝ հաղթելու համար» միջազգային տաղանդների փառատոնի եզրափակիչ փուլը: Մրցույթը նախատեսված է հաշմանդամություն ունեցող կանանց համար։
«Ծնված՝ հաղթելու համար»-ը ոչ միայն մրցույթ է, այլև մի ամբողջ շարժում, որը միավորում է աշխարհի տարբեր անկյուններից ուժեղ կամքի տեր կանանց: Հայաստանից, Ռուսաստանից, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունից, Ուզբեկստանից և Ղազախստանից մասնակիցները պայքարում էին ամենահմայիչ և ոգեշնչող կանանց կոչմանն արժանանալու համար:
Հայաստանի ներկայացուցիչը Արփինե Հարությունյանն է, նա Արցախի Կոլխոզաշեն գյուղից է։ MediaHub-ի հետ զրույցում Արփինե Հարությունյանը պատմեց, որ ամիսներ առաջ էր հրավեր ստացել մասնակցելու գեղեցկության մրցույթին, ու թեև մտածում էր հրաժարվել, բայց հետո որոշել է ընդունել հրավերը։
«Եթե խոսենք ծրագրի բուն գաղափարի մասին, ապա դրա էությունը ոչ թե մրցույթն էր կամ մրցակցությունը մասնակիցների միջև, այլ ինքնաճանաչման ու սեփական փորձի կիսման հնարավորություն։ Դա նոր հարթակ էր՝ ցույց տալու, որ հաշմանդամությունը դատավճիռ չէ: Մրցույթին ես ընտրեցի պարը, որովհետև փոքրիկ Արփինեն՝ Արցախի Կոլխոզաշեն գյուղում երազում էր, որ գյուղում պարի խմբակ լիներ։ Ես պետք է իմ պարով «խոսեի» Արցախի մասին, «խոսեի» իմ ամենախաղաղ օրերից, որոնք ընդհատվեցին ամենադաժան ձևով»,- նշեց Արփինեն։
Բոլոր երկրների մասնակիցները տիտղոս և մրցանակ են ստացել, արցախցի գեղեցկուհին իր պարի համար արժանացել է «Սպորտի թագուհի» տիտղոսին։ Արփինեն նշեց, որ Հայաստանից մենակ նա է մասնակցել, ու թեև գեղեցկության մրցույթ է կոչվում, սակայն, իրականում այն դասական մրցույթ չէ, միտքն այն է, որ մասնակցում են հաշմանդամություն ունեցող աղջիկներ, ովքեր սայլակով են տեղաշարժվում։
«Մրցույթի 10-օրյա ծրագրում ներառված էին հետաքրքիր մաստեր-կլասներ տարբեր ոլորտների հրաշալի մասնագետների կողմից։ Մեզ հետ ամբողջ ընթացքում աշխատում էին հոգեբաններ, այնքան պրոֆեսիոնալ, որ ամենօրյա խմբային քննարկումները դառնում էին մի այլ հաճելի փորձառություն։ Մենք ցանկանում էինք օրինակ հանդիսանալ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար, որ իրենք կարողանան կյանքին նայել այլ աչքով, մի կողմ թողնելով խնդիրները և բարդությունները»,– հավելեց մեր զրուցակիցը։
Մարիաննա Արամյան