Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի երրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում կհյուրընկալվի Հունգարիայի ընտրանուն։ Այս մասին գրում է ArmSport.am-ը։
«Հունգարիան լավ հավաքական է, մեր խմբում բոլորը ուժեղ են։ Բոլոր խաղերն էլ դժվար են լինելու, մեզ սպասվում են ծանր հանդիպումներ, բայց լավ ենք պատրաստվել, և թիմում ուրախ մթնոլորտ է տիրում։
Շատ լավ ենք ուսումնասիրել Հունգարիայի հավաքականին։ Ինչ վերաբերում է հակառակորդի բացակայող ֆուտբոլիստներին՝ կարող եմ ասել, որ ավելի շատ կենտրոնանալու ենք մեր խաղի վրա։ Ունենք մեր ծրագիրը, և հուսով եմ՝ կկարողանանք այն լիովին օգտագործել վաղը։ Կներդնենք բոլոր ուժերը խաղադաշտում ու կխաղանք այն ֆուտբոլը, որը մենք ենք ուզում, և հաստատ խնդիրներ կստեղծենք հակառակորդի համար։
Թիմում շատ լավ մթնոլորտ է։ Նոր մարզիչը եկել է էներգիայով ու հավատով լի, ինչը փոխանցվում է մեզ։ Հուսով եմ՝ վաղը կկարողանանք ցուցադրել այն մակարդակը, որը ցուցադրեցինք Իռլանդիայի դեմ հանդիպմանը։
Ժամանակ է պետք, որ մարզիչը կարողանա լիովին փոխանցել իր մտքերն ու ցանկությունները մեզ, բայց ամեն ինչ շատ լավ է ընթանում։ Կարող եմ ասել, որ մինչև այսօր հասցրել ենք իրար ճանաչել, և վստահ եմ՝ մեր նոր մարզչի հետ հավաքականը ավելի լավ տեսք կունենա, կլինի ավելի ուժեղ և կհասնենք մեր առջև դրված նպատակներին»,- ասել է Բիչախչյանը։
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի երրորդ տուրի Հունգարիա – Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 10-ին՝ Երևանի ժամանակով 20:00-ին։
