Ավելի քան 3 տարի առաջ՝ 2022-ի օգոստոսի 14-ին, ողբերգական պայթյունը ցնցեց Հայաստանը, խլելով 17 մարդու, այդ թվում՝ մեկ մանկահասակ երեխայի կյանք։
«Սուրմալու» առևտրի կենտրոնի պահեստում հրդեհին հաջորդած ուժգին պայթյունից միայն 10 օր անց դադարեցվեցին որոնողական աշխատանքները: Վնասը գնահատվեց ավելի քան 2 մլրդ դրամ։
Ի՞նչ է արվել այս ընթացքում, արդյո՞ք մեղավորները պատժվել են. պարզվեց, որ ողբերգական դեպքից 3 տարի անց էլ դեռ որևէ մեկը չի պատժվել։ Միայն հայտնի է, որ 5 մարդու՝ կենտրոնի տնօրենին, փոխտնօրենին, 3 տնտեսվարողներին, մեղադրանք էր առաջադրվել, բայց նրանք բոլորն էլ ազատության մեջ են։
MediaHub-ը Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ փուլում է գործը: Վերջինս նշեց, որ այդ քրեական վարույթից մաս կա անջատված, որը 2024-ի դեկտեմբերին ուղարկվել է դատարան. «Մնացածի հետ կապված՝ նախաքննությունը դեռ շարունակվում է, այս պահի դրությամբ նոր բան չկա»։
Նշենք, որ զոհերի հարազատները կասկածներ են հնչեցնում, որ գործի ընթացք չի արձանագրվում, քանի որ առկա է հովանավորչության ու քրեական հեղինակությունների միջամտություն, ինչով էլ բացատրվում է այն, որ պատասխանատուները ազատության մեջ են։
Էմմա Մարտիրոսյան