Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Առավոտվա իր հայտարարություններից հետո հանդիպելու բան չունեմ իր հետ, ծանուցում էլ չեմ ստացել․ Ղազինյան

Blog Image

ՀԷՑ նոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ՀԷՑ-ում ազատումներ կլինեն թոփ մենեջմենթի շրջանակում, և անձամբ Դավիթ Ղազինյանը, որ ՀԷՑ տնօրենի տեղակալն է, «ձև չունի մնալու», և եթե Ղազինյանն ինքնակամ դիմում չգրի-գնա, ապա ինքը նրան կհեռացնի անվստահության հիմքով։ Դրանից հետո Ղազինյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե չի պատրաստվում դիմում գրել և հեռանալ։

Քիչ առաջ արդեն համացանցում տարածվեցին որոշ ՔՊ-ականների գրառումներ, թե՝ «Ղազինյանը ձև չունեցավ մնալու, Ռոմանոս Պետրոսյանի հրամանով Դավիթ Ղազինյանն ազատվել է պաշտոնից»։

Դավիթ Ղազինյանը, սակայն,  MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ իրեն որևէ մեկը չի ազատել, ինքն իր աշխատասենյակում է, կատարում է իր պարտականությունները, և ազատման վերաբերյալ որևէ ծանուցում չի ստացել։

«Ես տեղյակ չեմ, ես աշխատանքի վայրում եմ, դեռևս ազատման հրաման չեմ տեսել։ Ըստ օրենքի՝ ինձ պետք է ծանուցեն կամ տեղեկացնեն գոնե»,- ասաց նա։

-Երբ մտել է Ռոմանոս Պետրոսյանը շենք, Դուք նրան տեսե՞լ եք, առերեսվե՞լ եք իր հետ։

-Ոչ։ 

-Փոխադարձ ցանկություն չի՞ եղել, թե՞ հատուկ այնպես եք արել, որ չհանդիպեք։

-Չէ, ես շենքում եմ, իմ առօրյա գործառույթներով եմ զբաղված, ուղղակի չեմ հանդիպել՝ ես ո՛չ խուսափում եմ, ո՛չ ուզում եմ։

-Իսկ մո՞տ են ձեր աշխատասենյակներն իրար։ 

-Ոչ, մեկ հարկի տարբերություն կա։

-Ո՞ր հարկերում եք, ինքը վերևո՞ւմ է գտնվում։ 

-Հա, վերևում, բայց՝ հարկով։ Ես երկրորդ հարկում եմ, ինքը՝ երրորդ։ 

-Ինքն ասաց, որ Ձեզ կազատի անվստահության հիմքով։ Իրավական առումով դա հնարավո՞ր է, և երբ ծանուցումն ստանաք, ի՞նչ եք անելու, բողոքարկելո՞ւ եք ազատման հրամանը։

-Կարծում եմ՝ այո, բայց նախ ստանամ, տեսնեմ՝ ինչ են գրել, որովհետև այդ անվստահության հիմքը շատ վերացական հասկացություն է։ Մի հատ ստանամ, տեսնեմ՝ ինչ հիմքով են ազատում, ըստ այդմ կհասկանամ՝ ինչ պետք է անեմ։ Բայց էդ վստահության հիմքը չի լինում մարդու աչքերի մեջ լինելով, չնայած՝ իմ աչքերն էլ անվստահություն չեն ներշնչում։

-Ի դեպ, Ռոմանոս Պետրոսյանն այսօր ասաց, որ KPMG ընկերությունը, երբ աուդիտ է անցկացրել ՀԷՑ-ում, այնտեղ բազմաթիվ խնդրահարույց կետեր են հայտնաբերել, որոնց հետ Ձեր հայտարարությունները չեն համապատասխանում։ Այս մասով ի՞նչ կասեք։

-Ես ընդհանրապես սիրում եմ իմ ասածները հիմնավորել։ Հիմա ինքը բոլոր լրագրողներին ուղարկում է KPMG-ի աուդիտը կարդալու՝ դա ճիշտ չէ։ Այդ աուդիտը շատ ծավալուն է, թող էդտեղից էն կետն ասեր, որտեղ ինչ-որ բան կար գրած, դա՝ մեկ, երկրորդ՝ KPMG-ի աուդիտը, որ դուրս էր եկել, պետությունն ո՞ւր էր, ինչո՞ւ Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո որոշեց զբաղվել։

-ՀԷՑ-ի կառավարիչը պե՞տք է էներգետիկ լինի, համապատասխան կրթություն և մասնագիտություն ունենա, թե՞ մենեջմենթից հասկանալը լրիվ բավարար է։ 

-Գիտե՞ք, կառավարիչը՝ ինքն իրենով, որպես մենեջեր, կարիք չկա, որ անպայման էներգետիկ լինի, այլ հարց է, թե տվյալ սուբյեկտն այս յոթ տարվա ընթացքում ինչ ՕԳԳ է ցույց տվել, և նա արդյոք մենեջե՞ր է, թե՞ ոչ։ Ես խիստ կասկածում եմ։

-Ռոմանոս Պետրոսյանն ասաց՝ ինքը կառավարման մասնագետ է, թեպետ՝ ավարտել է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը։ 

-Կառավարման մասնագետ․․․ էսպես ասեմ, եթե ինքը ՊՎԾ ղեկավար է եղել, որը պարտավոր էր վերահսկողություն սահմանել ամբողջ պետական համակարգի վրա, էսօրվա պետական համակարգն էլ բոլորս գիտենք՝ ինչ վիճակում է, ուստի, եթե ինքը լավ կառավարիչ է, ապա ի՞նչ ասեմ, հետևությունները թողնենք էս նյութը կարդացողներին։

-Ինչպես հասկացանք՝ Ռոմանոս Պետրոսյանի թիրախում նախևառաջ հենց Դուք էիք, և առաջինը, փաստորեն, Ձեզանից է ազատվում, մինչդեռ տեղակալներից մեկի մասով՝ էներգետիկ գծով տեղակալի, ինչպես ինքը ասաց, դրական արտահայտվեց ու ասաց՝ կարող է մնալ և աշխատել։ Տեղյա՞կ եք՝ ում մասին է խոսքը։

-Ճիշտն ասած՝ էդպես էլ չհասկացանք, թե էդ տեղակալն ով էր, որին էդպես գովում էր։ Հինգ, թե վեց տեղակալ ենք մենք տարբեր գծերով՝ ֆինանսական, հաշվապահություն, ընդհանուր հարցերով, ես, ու չեմ կարող հասկանալ՝ որ մեկի մասին էր ասում։ 

-Եթե հիմա Ռոմանոս Պետրոսյանը ցանկություն հայտնի հանդիպել Ձեզ, հրավիրի իր աշխատասենյակ՝ զրուցելու, կգնա՞ք, թե՞ ոչ։

-Իհարկե, ոչ։ Էնպես չի, որ ի սկզբանե ցանկություն ունեցել եմ իր հետ հանդիպելու, բայց, հաշվի առնելով իմ սկզբի ասածը, որ պետք է աշխատենք, ինքս իմ մեջ հաղթահարել էի այսպես ասած իրեն հանդիպելը, բայց առավոտվա իր հայտարարություններից հետո հանդիպելու բան չունեմ իր հետ։

Վահե Մակարյան

Send