Եթե Զելենսկիին դուր չի գալիս ԱՄՆ-ի ծրագիրը, կարող է շարունակել պայքարել, հայտարարաել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի նախագահը ստիպված կլինի հաստատել պատերազմի դադարեցման այս ծրագիրը։
Թրամփը նշել է, որ «Ուկրաինան պետք է շտապի որոշում կայացնել խաղաղության ծրագրի վերաբերյալ. այս ձմեռը ցուրտ կլինի»։
«Դուք ասում եք, որ Զելենսկիին դուր չեն գալիս մեր առաջարկները։ Նա ստիպված կլինի հաշտվել դրա հետ... որոշ պահի նա ստիպված կլինի հաշտվել ինչ-որ բանի հետ... Հիշո՞ւմ եք, վերջերս, հենց Օվալաձև աշխատասենյակում, ես ասացի. «Դուք խաղաքարտեր չունեք»։ Մի մոռացեք, որ ես ժառանգել եմ այս պատերազմը»,- ընդգծել է ԱՄՆ ղեկավարը։
Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղությունը շուտով կգա։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նույնպես անդրադարձել է ուկրաինական կարգավորման ծրագրին։
«Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ցանկացած խաղաղության ծրագիր պետք է.
1) Դադարեցնի սպանությունները՝ պահպանելով Ուկրաինայի ինքնիշխանությունը։
2) Ընդունելի լինի և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի համար։
3) Մեծացնել [կռվի] չվերսկսվելու հավանականությունը։
Վարչակազմի կողմից մշակվող խաղաղության շրջանակի վերաբերյալ ցանկացած քննադատություն կամ սխալ է մեկնաբանում այդ շրջանակը, կամ աղավաղում է տեղում առկա որոշ կարևոր իրողություններ։
Կա մի պատրանք, որ եթե մենք պարզապես ավելի շատ գումար, զենք կամ պատժամիջոցներ տրամադրենք, հաղթանակը մոտ կլինի։ Խաղաղությունը չի ստեղծվի ձախողված դիվանագետների կամ ֆանտաստիկ աշխարհում ապրող քաղաքական գործիչների կողմից։ Այն կարող է ստեղծվել իրական աշխարհում ապրող խելացի մարդկանց կողմից»,- գրել է Վենսը X-ում։
