Հայաստանում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերողների թիվը շարունակում է աճել։
Ըստ Կենտրոնական բանկի ֆինանսական կայունության 2024 թվականի զեկույցի՝ հիփոթեքային վարկերի տարեկան աճը հաշվետու տարում եղել է 36.6%, այսինքն՝ 11.6%-ով ավելի, քան դրան նախորդող տարվա՝ 2023-ի ընթացքում: Այդ նույն զեկույցում հաղորդվում է, որ հիփոթեքային վարկերի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ հասել է 14.7%-ի:
Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով՝ 60 հազար մարդ հիմա օգտվում է այդ ծրագրից, որը պետության համար տարվա կտրվածքով մոտ 90 մլրդ դրամի բեռ է առաջացնում, ինչը մեր բյուջեի մոտ 2.5%-ն է կազմում։
Թվերի նմանատիպ աճը, ըստ մասնագետների պայմանավորված է եկամտահարկի վերադարձի ծրագրով, որը Երևաում 11 տարի գործելուց հետո՝ այս հունվարից իրականացվում է միայն մարզերում, իսկ 2029 թվականից կդադարի գործել ամբողջ հանրապետությունում։
Այսպիով, հազարավոր մարդիկ էլ ավելի արագ՝ առանց երկար ծանրութեթև անելու, փորձում են իրականացնել իրենց՝ սեփական տուն ունենալու ամենամեծ երազանքը։
Վարկառուների թվի կտրուկ աճով պայմանավորված՝ հոկտեմբերի 2-ին Կառավարությունն ընդունեց ՊԵԿ-ի առաջարկը, ըստ որի՝ հիփոթեքային վարկերի տոկոսների վերադարձի ծրագրի ֆինանսավորումը այս տարվա համար 12.6 մլրդ դրամով ավելացվեց:
Նպատակն այն է, որ մարզերի բնակիչները կաորղանան օգտվել ծրագրից: ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի խոսքով՝ նախորդ տարվա համեմատ այս տարի ծրագրից օգտվողների թիվը 12 հազարով աճել է: Այս ծրագրի համար 2025-ի բյուջեով նախատեսած 84 միլիարդից արդեն հունվար-սեպտեմբեր ասմիներին 70 միլիարդը ծախսվել է:
Թվերը ոգևորող են, բայց դրանց ետևում տեսանելի չեն այն լուռ պատմությունները, որտեղ հիփոթեքը դառնում է ոչ թե անվտանգության, այլ՝ կախվածության աղբյուր։
Հոգեբան Միհրդատ Մադաթյանի խոսքով՝ հիփոթեք ունենալը մի կողմից գործատուից կախվածություն է առաջացնում, մյուս կողմից էլ՝ պատասխանատվության զգացում։
Շատ աշխատողներ տեսախցիկներից այն կողմ խոստովանում են՝ հիփոթեքային պարտավորությունը դարձել է ծանր բեռ, որը ստիպում է նրանց անկախ պայմաններից ու գործատուի վերաբերմունքից՝ պահպանել աշխատանքը։
«Եթե ինձ ազատեն, վարկս ինչպե՞ս եմ վճարելու»․ սա դարձել է հազարավոր ընտանիքների ամենօրյա մտահոգությունը։
Հոգեբան Լիլիթ Բաղդասարյանի խոսքով՝ այդ մտահոգությունից ազատվելու մի շարք տարբերակներ կան, օրինակ՝ լինել կրեատիվ ու հեռանալ աշխատանքից, կամ մնալ ու շարունակել աշխատանքը, բայց կան դեպքեր, որ այդ ամենը մարդուն տանում է դեպի դեպրեսիա կամ հոգեկան խնդիր։
Կարծիք կա նաև, որ հիփոթեք ունենալը հատկապես շատ ազդում է պետական և ուժային կառույցների աշխատակիցների վրա. Բարձր աշխատավարձի հիմքով վարկային պարտավորություն ձեռք բերած մարդը դառնում է ավելի խոցելի ու կառավարելի, վախենում է կորցնել աշխատանքը, ու դրա հետևանքով կատարում է այն, ինչ հրահանգվում է վերևից։
ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանի դիտարկմամբ՝ այդ մարդկանց էլ կարելի հասկանալ, մարդիկ հիփոթեք ունեն։
Այս առումով առավել հաճախ իշխանության թիրախում ոստիկանության, ԱԱԾ և ՊՆ աշխատակիցներն են, ինչպես նաև արդարադատություն իրականացնողները։
Հոգեբաններն իրենց հերթին ասում են՝ այս մարդկանց մեծ մասը ապրում է մշտական սթրեսի տակ։ Հիփոթեքը, որը պետք է ապահովության զգացում ստեղծեր, վերածվել է վերահսկողության գործիքի՝ ձևավորելով մի մտայնություն, որը հնչում է այսպես․ «Ես իրավունք չունեմ սխալվելու»։
Արդյունքում ստացվում է իրավիճակ, երբ տունը դառնում է ոչ թե ազատության տարածք, այլ՝ պարտավորությունների ստվերում ապրող միջավայր։ Իսկ հիփոթեքը՝ ոչ թե աջակցություն, այլ սոցիալական կախվածություն գործատուից և աշխատավարձից։
Նարե Գնունի
