Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին 1 շաբաթվա ընթացքում հաստատի իր խաղաղության ծրագիրը, գրել է «Financial Times»-ը։
Կիեւի կողմից ստորագրվելուց հետո փաստաթուղթը նախատեսվում է փոխանցել Մոսկվային։ Վաշինգտոնն ակնկալում է բանակցությունները սկսել արդեն դեկտեմբերի սկզբին: Ուկրաինայի նախագահի գրասենյակը հայտնել է, որ նման ժամկետն անիրատեսական է, քանի որ ծրագիրը պարունակում է դրույթներ, որոնք Կիեւի համար անընդունելի են։
ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցչի տեղակալ Կիստինա Գայովիշինն ընդգծել է, որ երկիրը չի ընդունի ինքնապաշտպանության իրավունքի, բանակի չափի կամ դաշինքների ընտրության սահմանափակումներ: «Մեր հողը չի վաճառվում», - նշել է նա:
Ավելի վաղ ուկրաինացի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հրապարակել էր Թրամփի 28 առաջարկների ամբողջական ցանկը։
Հիմնական կետերի թվում են Ուկրաինայի կողմից ՆԱՏՕ-ից հրաժարվելը, Ուկրաինայի զինված ուժերի չափի սահմանափակումները, Ղրիմի, Դոնեցկի և Լուգանսկի (Դոնբաս) ճանաչումը որպես Ռուսաստանի տարածք, Խերսոնի և Զապորոժյեի մարզերում իրավիճակի սառեցումը, սահմանները ուժով չփոխելու պարտավորությունը և ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տնտեսական համաձայնագրերի խոշոր փաթեթը։ Առանձին-առանձին, այն նախատեսում է Ուկրաինայի վերականգնման համար օգտագործել ռուսական սառեցված 100 միլիարդ դոլարի ակտիվներ, համաներում հակամարտության բոլոր կողմերի համար և Թրամփի ղեկավարությամբ «Խաղաղության խորհրդի» ստեղծում, որը կհսկի համաձայնագրի իրականացումը։
Գոնչարենկոն իր հոդվածում ներկայացրել է պայմանների ամբողջական ցանկը, իսկ խաղաղության ծրագրի մանրամասները առաջին անգամ հրապարակել է հենց FT-ն։
