Անկախ Պետությունների Համագործակցության անվտանգության և հետախուզության մարմինների ղեկավարները հուշագիր են ստորագրել, որում հաստատվել է փոխգործակցության և համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը՝ պետական շահերը պաշտպանելու և արտաքին ազդեցությունից անվտանգությունն ապահովելու համար:
Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի անվտանգության և հետախուզական մարմինների ղեկավարները:
Քննարկվել են 2024 թվականի համագործակցության արդյունքները և ԱՊՀ երկրներում ներքաղաքական կայունությունը խաթարելուն ուղղված միջազգային ապակառուցողական ուժերին հակազդելու՝ հետախուզական ծառայությունների ջանքերի համակարգման արդիական հարցեր։
Միջոցառման արդյունքներով ստորագրվել է հուշագիր, որով հաստատվել է գործող փոխգործակցության մեխանիզմի հետագա կատարելագործման, համագործակցության ձևերի և ոլորտների ընդլայնման անհրաժեշտությունը՝ պետական շահերը պաշտպանելու և ԱՊՀ երկրների անվտանգությունն արտաքին բացասական ազդեցությունից ապահովելու համար։
Պատվիրակությունների ղեկավարներն աջակցություն են հայտնել անվտանգության հարցերի շուրջ երկխոսության շարունակականությանը։
Ուզբեկստանն առաջին անգամ է հյուրընկալել ԱՊՀ երկրների անվտանգության և հետախուզության մարմինների ղեկավարների խորհուրդը։
