Իրանի զինվորականները հայտարարել են, որ մի քանի հրթիռներ են հարվածել Իսրայելի ազգային անվտանգության նախարարության շենքին, հաղորդում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։
Ըստ գործակալության՝ հարված է հասցվել Թել Ավիվում գտնվող նախարարության գլխավոր գրասենյակին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ այն բանից հետո, երբ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին ազգին ուղղված ուղերձով խոստացել էր կոշտ պատասխան տալ Իսրայելին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է «Ճշմարիտ խոստում 3» գործողությունը սկսելու մասին՝ ի պատասխան Իսրայելի հարվածների։
Ավելի ուշ Իրանը հայտարարել է, որ մոտ հարյուր բալիստիկ հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակը ստիպված է եղել ընդհատել իր ճեպազրույցը իրանական հարձակման պատճառով։ Իսրայելի բնակիչներին հրամայվել է անմիջապես ապաստան գտնել անվտանգ սենյակներում և մնալ այնտեղ մինչև հետագա ծանուցում։