Մոտ 350 ցուցարարներ հարձակվել են Էկվադորի նախագահ Դանիել Նոբոայի և օտարերկրյա դիվանագետների ավտոշարասյան վրա Օտավալո քաղաքում։
Էկվադորի նախագահի վարչակազմը հայտնել է, որ շարասյան մեջ եղել են նաև բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Վատիկանի դիվանագետ Անդրես Կարասկոսան, Եվրամիության դեսպան Եկատերինա Դորոդնովան և Իտալիայի դեսպան Ջովանի Դավոլին։ Մեքենաների վրա քարեր և մոլոտովի կոկտեյլներ են նետվել։ Հայտարարվել է համազգային գործադուլ։
Էկվադորում Իտալիայի դեսպանատունը հայտարարել է, որ դեսպանը չի տուժել հարձակման ժամանակ, որը որակվել է որպես Նոբոայի դեմ ուղղված «ահաբեկչական գործողություն»։
Երկրում անկարգությունները շարունակվում են արդեն ութ օր։ Ցուցարարները փողոցներ են դուրս եկել այն բանից հետո, երբ կառավարությունը հայտարարել է, որ դադարեցնում է վառելիքի սուբսիդիաները՝ պետական ծախսերը կրճատելու, վառելիքի մաքսանենգության դեմ պայքարելու և սոցիալական ծրագրերի համար միջոցներ ազատելու նպատակով։