Դատավոր Մասիս Մելքոնյանն այսօր 2 ամսով կալանավորեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին ֆեյսբուքյան անհասցե գրառման համար, որը չուներ և չէր կարող ունենալ գեթ մեկ տուժող։ Փաստաբանը, Արագածոտնի թեմի առաջնորդի կալանավորումից հետո մասնավորապես գրել էր. «Հոգին սատանային վաճառած քննիչներ, դատախազներ, դատավորներ ձեր պատիժը երկնային է լինելու, աղոթում եմ Տիրոջը ձեզ չների և պատիժը քավեք սերունդներով։ Մկրտիչ Սրբազանը ծառայությունը կշարունակի ԿԿԲ պադվալում, բայց դուք ոնց շատ տղա կայիք էտ ձև էլ մնացիք… »։
Գրառումից ժամեր անց՝ Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստից հետո, Կոչուբաևին, գետնին տապալելով, բերման էին ենթարկել։
«Պրակտիկայում չեմ հիշում նման դեպք, որ փաստաբանին էդ ձևով ձերբակալեին։ Անգամ չեմ հիշում որևէ դեպք, երբ քրեական հանցագործին էս ձևով ձերբակալեին»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արսեն Բաբայանը։
Ինչ վերաբերում է մեղադրանքին, ապա ըստ նրա, այն ընդհանրապես աղերս չունի իրավունքի, իրավաբանության և օրենսդրության հետ։
«Էն գրառումը, որ կատարել է Կոչուբաևը, որևէ առնչություն չունի դատավորի, քննիչների, դատախազների վերաբերյալ արատավորող տեղեկատվություն տարածելու, կամ նրանց իրավունքները որևէ կերպ խախտելու հետ։ Այս հոդվածն արդեն մի քանի անգամ կիրառվել է ընդդիմադիր գործունեություն ծավալող գործիչների նկատմամբ։ Օրինակ, Էդգար Ղազարյանի նկատմամբ էլ մի էսպիսի հոդված կա, դատաքննությունը մինչև հիմա շարունակվում է։ Սա ազատ խոսքի, քննադատության դեմ ուղղված հերթական քրեաքաղաքական հետապնդումն է իշխանության կողմից»,- նկատեց Արսեն Բաբայանը։
Դիտարկմանը, թե արդյո՞ք փաստաբանի կալանավորումը վտանգում է նաև այն մարդկանց, որոնց պաշտպանությամբ զբաղված էր նա, Արսեն Բաբայանն արձագանքեց՝ այդպիսի խնդիր էլ կարող է լինել։
«Ընդհանրապես, շատ հաճախ փաստաբանները բավականին կոշտ հայտարարություններ են անում, բայց պետք է նկատի ունենանք, որ Կոչուբաևը 18 անմեղների գործով պաշտպաններից մեկն է, ու ենթադրում եմ, որ հենց էդ նիստերում նրա ակտիվությունն ու մասնակցությունն են ցանկացել բացառել։ Ենթադրելի է, որ մնացած պաշպտաններն էլ էս պահին վտանգի տակ են։ Սա լռեցնելու, վախեցնելու հերթական փորձն է։ Փաստաբանները ենթադրաբար ամենապաշտպանված մարդիկ են, ու էս ձևով նրանց ձերբակալությունը նպատակ ունի հանրությանը վախեցնելու, թե «խելոք նստեք տեղներդ»։ Նիկոլ Փաշինյանի դիկտատուրական քաղաքական չբավարարվածության հետևանքն է սա»,- նկատեց փաստաբանը։
Արսեն Բաբայանը տեղեկացրեց, որ այժմ Կոչուբաևի պաշտպանությանը 20-ից ավելի փաստաբաններ են ներգրավվել, ինչը փաստաբանների միասնականության մասին է խոսում։
Նշենք, որ դատական նիստի ժամանակ, անդրադառնալով իր գրառմանը, Ալեքսանդր Կոչուբաևն ասել է. «Դա իմ հոգու պայթյունն էր»։
Քիչ առաջ նաև տեղեկացանք, որ փաստաբան Արայիկ Պապիկյանը փաստաբանական հանրությանն առաջարկում է 7 օրյա գործադուլ հայտարարել՝ բոլոր տիպի գործերով ու վարույթներով։ «Ռեժիմը քանդել և քանդելու է բոլոր ինստիտուտները. եթե հանդգնել են կործանել 1700-ամյա ինստիտուտը, ապա մեր պալատի (մեզնից յուրաքանչյուրի) «հնազանդեցնելու» հերթը ևս գալու։ Կարող ենք լուռ հետևել, և սպասել, թե երբ է մեր հերթը գալու կամ …»,- գրել է նա:
Նարե Գնունի