Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ համաձայն Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հրամանի՝ ամերիկյան ուժերը Վենեսուելայի մոտակայքում հարվածել և ոչնչացրել են թմրանյութեր տեղափոխող նավը։
Այս մասին Պենտագոնի ղեկավարը հայտնել է X-ի իր միկրոբլոգում կատարված գրառմամբ՝ կից տարածելով նաև հասցված հարվածի տեսանյութը։
«Այսօր առավոտյան, նախագահ Թրամփի հրամանով, ես հրամայեցի մահացու հարված հասցնել ԱՄՆ Հարավային հրամանատարության պատասխանատվության գոտում գտնվող, թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող նավին, որը կապված էր ահաբեկչական կազմակերպությունների հետ»,- գրել է Պենտագոնի ղեկավարը։
Նա հայտնել է, որ հասցված հարվածի արդյունքում նավում գտնվող չորս նարկոահաբեկիչներ սպանվել են, իսկ գործողության ընթացքում ԱՄՆ զինված ուժերը չեն տուժել։
«Հարվածը հասցվել է Վենեսուելայի ափերի մոտ գտնվող միջազգային ջրերում, երբ նավը տեղափոխում էր թմրանյութերի զգալի քանակություն՝ ուղևորվելով Ամերիկա՝ մեր ժողովրդին թունավորելու համար»,- նշված է Հեգսեթի գրառման մեջ։
Պենտագոնի ղեկավարը նաև ընդգծել է, որ ԱՄՆ հետախուզությունը հաստատել է, որ նավը թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ է զբաղվում, նավի վրա գտնվող մարդիկ նարկոահաբեկիչներ են և գործում են թմրանյութերի ապօրինի շրջանառության հայտնի տարանցիկ երթուղով։
«Այս հարվածները կշարունակվեն մինչև ամերիկյան ժողովրդի վրա հարձակումների ավարտը»,- վստահեցրել է Պենտագոնի ղեկավարը։