Հոկտեմբերի 16-ին Վաղարշապատում կայացան ՏԻՄ ընտրություններ, որոնց մասնակցեցին 8 կուսակցություններ։ Քվեարկության ավարտին պարզ դարձավ, որ ձայների մեծամասնությունը գործող իշխանությանն է՝ «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցության թեկնածու Արգիշտի Մեխակյանինը։
Համեմատած, օրինակ Գյումրու ընտրություններին, երբ ՔՊ պատգամավորը ալկոհոլի ազդեցության տակ փողոցում լրագրողների հետ անհարգալից վերաբերմունք էր դրսևորում, այստեղ՝ Վաղարշապատում նման իրադարձություններով ուշադրությունը չշեղվեց, սակայն ամեն ինչ այդքան էլ հարթ չէր։
Այս անգամ էլ ուշադրության կենտրոնում հայտնվեցին մեծաթիվ ընտրախախտումներ ու կուտակումներ, և դա ամենը չէր․ էլեկտրաէներգիայի անջատումներ, ծրարի մեջ քվեաթերթիկների առկայություն և այլն։
Այս ամենը ևս մեկ անգամ արձանագրեց «Հայաքվե» դիտորդատական առաքելության դերը ստանձնող նախաձեռնությունը։
Այսօր տեղի ունեցած ասուլիսում «Հայաքվե» նախաձեռնության անդամ Ատոմ Մխիթարյանը նշեց, որ մի շարք ընտրական տեղամասերի անմիջական հարևանությամբ հաճախ առաջացել են քաղաքացիների չթույլատրվող կուտակումներ։
Մխիթարյանի խոսքով՝ ոստիկանությունը հաճախ անուշադրության են մատնել դրան։ «Ընտրությունների գնացող քաղաքացիների վրա ներգործությունն ուղղակի բացահայտ էր։ Կուտակումներ են եղել ոչ միայն ընտրատեղամասերի բակերում, այլ նաև ներսում, և դա գրանցել ենք բազմաթիվ տեղամասերում, որոշ տեղերում էլ անգամ տեղաշարժվելն է դժվար եղել՝ կուտակումների պատճառով»,- նշեց նա։
Ատոմ Մխիթարյանը հավելեց, որ ընտրության ընթացքում եղել են նաև բաց քվեարկության դեպքեր, որը կրկին տարածված երևույթ է։
«Եղել են դեպքեր, երբ քվեաթերթիկների տրցակը տրամադրվել է ոչ ամբողջական, կա՛մ տրցակում եղել է նույն համարի երկու քվեաթերթիկ։ Բազմաթիվ ընտրական տեղամասերում իշխող ուժի վստահված անձինք ընտրողների բացարձակ հաշվարկ էին վարում՝ առկա ցուցակներում ենթադրաբար նշելով իրենց օգտին քվեարկող ընտրողներին»։
Ատոմ Մխիթարյանը խոսեց նաև այն խախտումների մասին, որը արձանագրել է նաև Mediahub-ը, այն է նույն մեքենաներով մեծաթիվ մարդկանց ընտրության բերելը, ընդ որում մեքենայի վրա փակցված էին տվյալ ուժի համարի թիվը, որով նա մասնակցում է ընտրություններին։
Ինչպես արձանագրել է դիտորդական մարմինը՝ ամենաշատ տարածված դեպքերը եղել են N7-ի (Արգիշտի Մեխակյան), և N1-ի (Սևակ Խաչատրյան) մասնակցությամբ։
Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների նախնական արդյունքներով՝ անցողիկ շեմը հաղթահարել է 3 ուժ։
Նախնական տվյալներով հաղթել է իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» համայնքապետի թեկնածու Արգիշտի Մեխակյանի գլխավորությամբ։ Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի տվյալներով՝ բոլոր 47 տեղամասերի հաշվարկներով ՔՊ-ն ունի ձայների 48.6 %-ը (14 946)։ Երկրորդ տեղում «Հաղթանակ» դաշինքն է 9788 ձայնով (31.8 %), եռյակը եզրափակում է «Մայր Հայաստանը» 1674 ձայնով (5.4 %):
Նշենք, որ ըստ «Ընտրական օրենսգրքի»՝ անցողիկ շեմը կուսակցությունների դեպքում 4 տոկոսն է, դաշինքների համար՝ 6 տոկոսը։
Էմմա Մարտիրոսյան
