Երեկ՝ հոկտեմբերի 19-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:25-ի սահմաններում Երևանի բնակիչ 36-ամյա Անդրանիկ Ա.-ն իր վարած «UAZ» մակնիշի ավտոմեքենայով Արտաշատի խճուղի 5/1 հասցեի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն, ՌԴ քաղաքացի 32-ամյա Վասիլի Ն.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը վիրավորին տեղափոխել է «Էրեբունի» հիվանդանոց, սակայն ճանապարհին գիտակցության չգալով մահացել է:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Անդրանիկ Ա.-ն աշխատում է Երևանի քաղաքապետարանի Աղբահանության և սանմաքրման հիմնարկում, իսկ ավտոմեքենան էլ հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում։
