«ԵԱՀԿ-ն դեկտեմբերի 1-ին ավարտեց Մինսկի գործընթացի և դրա հետ կապված բոլոր կառույցների փակումը։
Այս գործընթացը իրականացրեց 2025թ․ սեպտեմբերի 1-ի կոնսենսուսային որոշումը՝ ԵԱՀԿ-ի 57 մասնակից պետությունների կողմից, որը հետևում էր պատմական Համատեղ հայտարարությանը՝ ստորագրված Վաշինգտոնում՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից՝ Դոնալդ Թրամփի ներկայությամբ»,-ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի պաշտոնական հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնի հռչակագրով այդ դիրքորոշումն ամրապնդվեց։ Այդ փաստաթղթերում Արցախի խնդիր այլևս գոյություն չուներ։ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները դիմեցին ԵԱՀԿ-ին, որպեսզի Մինսկի խումբը լուծարվի։
Արցախահայության իրավունքների, վերադարձի հարցը, միջազգային իրավական ձևաչափը մեկընդմիշտ փակվեցին։
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն արցախցիների վերադարձի օրակարգն իրատեսական չի համարում։
Mediahub-ի հետ զրույցում Սուրենյանցը տարբեր սցենարի մասին խոսելիս նշեց՝ արցախահայության վերադարձի համար միջազգային երաշխիքներ են պետք։ Բայց, ինչպես տեսնում ենք, միջազգային այդպիսի մի կառույց՝ Մինսկի խումբը, փակվեց։
18 տարին լրացած արցախցի երիտասարդները կգնայի՞ն ծառայելու ադրբեջանական բանակում։ Ակնհայտ է, որ արցախցիներն Ադրբեջանի օրենքներով Արցախում ապրել ուղղակի չէին կարող։
Քաղաքագետի կարծիքով՝ Հայաստանն արցախցիների համար երկու կարևոր խնդիր ունի լուծելու՝ նրանց գույքային իրավունքները պաշտպանել միջազգային ատյաններում և ստեղծել արցախահայության՝ Հայաստանում ինտեգրվելու բոլոր հնարավորությունները։
Երկու խնդիրն էլ Հայաստանի իշխանությունները չեն լուծում։
Սուրեն Սուրենյանցը քիչ հավանական է համարում, որ Փաշինյանից հետո եկած նոր իշխանությունը արցախահայության վերադարձի հարցով կզբաղվի։ Ցանկացած իշխանություն ստիպված է լինելու Հայաստանի ստանձնած միջազգային պարտավությունները հարգել։ Չհարգելը ծանր հետևանքներ կարող է բերել։
