Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղում բրուցելոզի դեպքեր էին արձանագրվել։ ՍԱՏՄ-ից հայտնել էին, որ հիվանդ կենդանիները, տեսչական մարմնի տեսուչների վերահսկողությամբ, ենթարկվել են հարկադիր սպանդի, որից հետո իրականացվել է ախտահանություն։
Բնակիչների մոտ էլ էր հայտնաբերվել վարակը։ MediaHub-ը դիմել էր Չկալովկայի վարչական ղեկավարին, հասկանալու՝ թե ի՞նչ է կատարվում այժմ գյուղում, քանի՞ մարդու մոտ է բրուցելոզ հայտնաբերվել։
«Նորությունն այն է, որ ստուգեցին մարդկանց, բայց պատասխանները մեզ չեն ասել, սակայն, անհատական մարդկանց փոխանցել են պատասխանները։ Գրություն էի ուղարկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին՝ խնդրելով, որ կրկնակի ստուգում իրականացվի համայնքում և չսպասեն աշնան պլանային ստուգմանը, բայց պատասխան դեռ չի եկել»,– նշել էր Կարապետյանը։
MediaHub-ի հարցմանն ի պատասխան, թե քանի՞ քաղաքացու նմուշ է վերցվել, քանիսի՞ մոտ է ախտորոշվել բրուցելոզ և ի՞նչ կանխարգելիչ միջոցներ պետք է ձեռնարկվեն կամ ձեռնարկվում են հիվանդության տարածումը կանխելու համար, ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը նշել է․
«2025 թվականի ապրիլ-մայիս ամիսների ընթացքում Գեղարքունիքի մարզի Չկալովկա բնակավայրում մարդկանց շրջանում արձանագրվել է բրուցելոզ հիվանդության 4 դեպք: Նշված դեպքերի կապակցությամբ, մարդկանց շրջանում բրուցելոզ հիվանդության վաղ հայտնաբերման, ինչպես նաև հավանական տարածման կանխարգելման նպատակով նշված բնակավայրում իրականացվել են համապատասխան հակահամաճարակային միջոցառումներ, մասնավորապես՝ հիվանդության հարուցչի հայտնաբերման նպատակով լաբորատոր հետազոտության է ենթարկվել թվով 155 բնակչի արյան նմուշ, ինչի արդյունքում հաստատվել է հիվանդության ևս 6 դեպք»։
Ինչպես հայտնեց Աթոյանը՝ բնակչության շրջանում իրականացվում են իրազեկման աշխատանքներ՝ ուղղված վարակի կանխարգելմանը:
Մարիաննա Արամյան