Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն առաջարկում է հաստատել 2024թ. դեկտեմբերի 12-ին Մոսկվա քաղաքում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների համար կադրերի պատրաստման մասին» համաձայնագիրը: Համապատասխան նախագիծն ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում։
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ դրա հաստատումը նպատակ է հետապնդում ժամանակակից աշխարհի մարտահրավերներին համապատասխանող՝ Կողմերի պետությունների քրեակատարողական ծառայությունների համար բարձր մակարդակի կադրերի պատրաստում, ինչպես նաև տվյալ բնագավառում Կողմերի միջև փոխգործակցության արդյունավետ մեխանիզմների ստեղծում: Համաձայնագրով նախատեսվում է, որ տվյալ բնագավառում Կողմերի պետությունների միջև համագործակցությունը կիրականացվի իրավասու մարմինների միջոցով՝ Կողմերի պետությունների ներպետական օրենսդրության և միջազգային պարտավորությունների համաձայն:
Համաձայնագրով նախատեսվում է նաև, որ քրեակատարողական ծառայությունների համար կադրերի պատրաստումը կիրականացվի ըստ ընդունող Կողմի կրթական հաստատությունների ծրագրերի՝ վերջինիս օրենսդրությամբ սահմանված չափանիշների և սահմանափակումների պահպանմամբ, իսկ ուսուցման թեկնածուների ընտրությունը կիրականացնի ուղարկող Կողմը: Համաձայնագրի իրագործման հետ կապված Կողմերի ծախսերն իրականացվում են Կողմերի պետությունների իրավասու մարմիններին՝ իրենց գործառույթների կատարման համար տրամադրվող ազգային բյուջեներով նախատեսված, ինչպես նաև Կողմերի (իրենց տնտեսավարող սուբյեկտների) կողմից ներգրավված արտաբյուջետային աղբյուրների միջոցների հաշվին և սահմաններում՝ ազգային օրենսդրությամբ սահմանված կարգով: