Այսօր ԱԺ–ում քննարկվեց մի տարօրինակ օրենսդրական փաթեթ, որը, կարծես, արժանի ուշադրության չարժանացավ. Հայաստանում պատրաստվում են արգելել երեխայի հայրության ճանաչումը այն անձի կողմից, որը նրա կենսաբանական ծնողը չէ։
Այս դրույթն առաջարկվում է «Ընտանեկան օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթով և հարակից օրենքներում փոփոխություններով:
Ստացվում է, որ ամբողջ աշխարհը շարժվում է մի ուղղությամբ, Հայաստանը՝ այլ, ամբողջ աշխարհում հայրություն ճանաչելը համարվում է ոչ միայն հարգանքի արժանի, այլև իրավական և հասարակական պատասխանատվության կարևոր դրսևորում, մինչդեռ Հայաստանում ոմանք որոշում են նման լուրջ փոփոխություն կատարել ընտանիքի մոդելում:
Օրենքի այս փոփոխությունն իսկապես աբսուրդի ժանրից է թվում, բացի այդ, ոտնահարում է նաև երեխայի իրավունքները, հետևապես MediaHub-ը դիմել է նաև ՄԻՊ–ին, հասկանալու՝ արդյո՞ք ՄԻՊ–ի հետ քննարկվել են այս փոփոխությունները, և ի՞նչ կարծիք ունի Անահիտ Մանասյանը սույն հարցի շուրջ։
Ու քանի դեռ գործող ՄԻՊ-ից արձագանք դեռ չունենք, MediaHub-ը զրուցեց Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ, ով նշեց, որ սա երկրի համար ամոթալի օրենք է։
«Իմ տարակուսանքը տխրության է վերածվում, ամբողջ աշխարհում հայրություն ճանաչելը մարդասիրության, ընտանիքի և ընդհանրապես՝ մարդկային հասարակությունների դրական կողմն է համարվում։ Օրենքների նկատմամբ, որոնք բերվում են ընդունվելու, ես ունեմ իմ կարծիքը, մեկը կարո՞ղ է ասել՝ առաջնությունը կամ գերակայությունը, այդ ի՞նչ հարց է ՀՀ–ում այդքան գերակա, ինչո՞վ է այդ օրենսդրական փոփոխությունը բացատրվում, արդյո՞ք ուսումնասիրություն է արվել, օրենքը, որ բերվում է, պետք է լինի հիմնավորում։ Ես դատապարտում եմ այդպիսի օրենքների քննարկումն ու ընդունումը, առավել ևս ցավ եմ ապրում, որ դա արվում է կանանց ձեռքերով»,– նշեց Ալավերդյանը։
Ըստ նախկին ՄԻՊ–ի՝ այս օրենքը խարան է լինելու Հայաստանի ճակատին։ Այդ ի՞նչ էր տեղի ունենում, որ որոշել են այդպիսի օրենք ընդունել և արգելել հայրության ճանաչումը։
«Կան դաժան բաներ, կան սխալ բաներ, բայց կան ամոթալի բաներ, ինչպես այս օրենքի քննարկումն ու ապագա ընդունումն է։ Մայրություն կամ հայրություն չթույլատրել ճանաչելը ապտակ է հայ հասարակությանը»,– հավելեց Ալավերդյանը։
Մարիաննա Արամյան