«Ամերիաբանկի» My Ameria հեռախոսային հավելվածը նորից խափանվել է։ Այսօր առավոտյան այս հավելվածով դարձյալ գործարք անել չէր ստացվում կամ ստացվում էր՝ մասնակի, քանզի քարտը և քարտի բալանսը, օրինակ, ցույց չէր տալիս։
Արդեն տևական ժամանակ է՝ ինչ այս վիճակն է «Ամերիայում»։ Հավելվածը թարմացրել են, նոր պրոդուկտներ են ավելացրել դրանում, ու թվում է՝ Հայաստանի ամենաառաջատար բանկերից մեկի համարումն ունեցող «Ամերիայի» նոր հավելվածը պետք է ավելի հեշտացներ օգտատերերի, բանկի հաճախորդների կյանքը, բայց հակառակը՝ ամեն օր մի նոր խնդրի առաջ է կանգնեցնում։ My Ameria հավելվածն այն աստիճանի է իր խափանումներով զզվեցրել «Ամերիաբանկի» հաճախորդներին, որ շատ գործարարներ, օրինակ, որոնք ամենօրյա փոխանցումների, գործարքների մեջ են, հրաժարվել են Ամերիայի ծառայություններից և իրենց հաշիվները տեղափոխել այլ բանկեր։
«Ամերիայում» արդեն չգիտեն՝ ինչպես լուծել այս խնդիրը, բայց գիտեն, որ խնդիր ունեն, որը ոչ մի կերպ չեն կարողանում լուծել։ 21-րդ դարում, երբ արհեստական ինտելեկտով են արդեն մարդիկ իրենց կյանքը կազմակերպում, «Ամերիաբանկում» մի հավելված չեն կարողանում այնպես գործարկել, որ առանց խափանումների աշխատի։
Մենք մի քիչ հետաքրքրվեցինք ու պարզեցինք, որ այս ամենի հետևում թաքնված է «Ամերիաբանկի» վարած սխալ ու ոչ պորֆեսիոնալ կադրային քաղաքականությունը։ Մենք տեղեկացանք, որ տևական ժամանակ է՝ բանկում որպես My Ameria հավելվածի պատասխանատու է նշանակվել Տիգրան Հունանյան անունով մեկը, որը, բանկի աշխատակիցների խոսքով, ոչ պրոֆեսիոնալ կամ անպատասխանատու կադր է։
Հենց Հունանյանն է պատասխանատու ծրագրի անխափան աշխատանքի համար, սակայն նա ոչ մի կերպ չի կարողանում լուծել խնդիրը։ Եվ ամեն անգամ, երբ խափանումներ են լինում, նա ինչ-որ բացատրություններ է ներկայացնում բանկի ղեկավարությանը, ղեկավարությունն էլ, փաստորեն, հավատում է դրանց և «ուտում» իրենց ենթակայի հրամցրած արդարացումները։ Բացի այդ, Տիգրան Հունանյանը, ասացին, լարված հարաբերությունների մեջ է գտնվում կոլեկտիվի մյուս անդամների հետ՝ չնայած նրան, որ առավելապես հենց իր թերի աշխատանքի պատճառով է այս ամենը տեղի ունենում։ Բանկի ղեկավարությունն այս ամենից տեղյակ է, բայց, չգիտես ինչու, որևէ քայլ չի ձեռնարկում այս ուղղությամբ, որպեսզի կա՛մ ստիպի հավելվածի պատասխանատուին՝ նորմալ աշխատել և իրենց ազատել բազմաթիվ հաճախորդների ու հենց բանկի աշխատակիցների դժգոհությունից, կա՛մ նրան փոխարինի այլ՝ ավելի պարտաճանաչ և պատասխանատու մասնագետով։
MediaHub-ը կապ հաստատեց «Ամերիաբանկի» մամուլի ծառայության հետ, որտեղից մեզ ասացին, որ խնդիրը կապված է Arca համակարգի հետ, որը վերջերս հաճախակի է խնդիրներ տալիս, և ավելացրին, որ եթե հավելյալ հարցեր ունենք, կարող ենք գրավոր դիմել՝ կպատասխանենք։ Տեղեկացրինք, որ նույն գործարքը նույն պահին Arca համակաարգով աշխատող այլ բանկի հավելվածով ստացվել է իրականացնել, իսկ My Ameria-ով՝ ոչ, ինչպե՞ս դա հասկանանք, բայց Ամերիայի մամուլի պատասխանատուն նորից նույնը կրկնեց, որ խնդիրը կապված է Arca-ի հետ և վերջ։
Այն, որ Arca-ն վերջին շրջանում հաճախ է ծրագրային խափանումներ ունենում, դա գիտենք, այդ մասին իրենք էլ են քանիցս հայտարարել։ Բայց My Ameria-ի խափանումները Arca-ից բացի նաև հենց իրենց՝ ծրագրային ապահովման մասնագետների ոչ պատշաճ աշխատանքով է պայմանավորված, այլ կերպ ասած՝ «Ամերիաբանկում» չեն կարողանում մի հասարակ հավելված գործարկել այնպես, որ խնդիրներ չառաջացնի դրանից օգտվողների համար։
Վահե Մակարյան